Հայերենը դարձել է Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքի տարրական դպրոցի երկու հիմնական լեզուներից մեկը: Մաունթին Վյու քաղաքի տարրական դպրոցում երկլեզու ծրագրի ներդրման շնորհիվ աճել է դպրոցի աշակերտների թիվը, գրում է The Los Angeles Times-ը:
Հայոց լեզվով դասերի պակասի պատճառով հայկական ծագմամբ որոշ ընտանիքներ մինչ այդ ստիպված էին մեկնել հարևան Գլենդելի միասնական դպրոցական թաղամաս, որն արդեն ունի հայերենով երկլեզու ծրագիր:
«Դպրոցի աշակերտների երեք քառորդը հայկական ընտանիքներից են: Տարիներ շարունակ ծնողները միջոց էին փնտրում իրենց լեզուն և մշակույթը երեխաներին փոխանցելու համար»,- գրում է Los Angeles Times-ը:
Անցած տարի քաղաքի մանկապարտեզներում պիլոտային նախագիծ է սկսվել երկու խմբի համար: Այնտեղ երեխաները ժամանակի կեսն անցկացնում էին միայն հայերեն խոսող ուսուցչի, իսկ մյուս կեսը՝ միայն անգլերեն խոսող ուսուցչի հետ: Արդեն այս տարի ավելի քան 80 երեխա առաջին դասարան է ընդունվել երկլեզու ծրագրով:
Նշվում է, որ նախատեսվում է ամեն տարի երկլեզու ծրագիրն ավելացնել նոր դասարանում՝ դրա ներդրումը հասցնելով մինչև հինգերորդ դասարան: