Սեպտեմբերի 26-ին Իրաքի խորհրդարանը արտահերթ նիստ է հրավիրել և հատուկ որոշում կայացրել քրդական ինքնավարության անկախության հանրաքվեի հետ կապված:
Իրաքի խորհրդարանը դիմել է երկրի վարչապետ Հայդեր ալ-Աբադիին՝ քրդերի կողմից վերահսկվող Քիրկուկ նահանգ բանակային ստորաբաժանում ուղարկելու խնդրանքով։
Իրաքի խորհրդարանի 13 պահանջներից մեկի համաձայն քրդերը պետք է Իրաքի կենտրոնական իշխանությունների վերահսկողությանը հանձնեն քրդական ինքնավարության օդանավակայանները և ցամաքային սահմանային անցակետերը: Այս պահանջը կատարելու համար քրդերին տրվել է երեք օր ժամանակ: Պահանջը չկատարելու դեպքում Իրաքը կարգելի միջազգային ավիափոխադրողներին թռիչքներ իրականացնել, իսկ ցամաքային սահմանային անցակետերով անցնողներին կհամարի սահմանախախտներ:
Սա իսկապես լուրջ անկայուն իրավիճակ է ստեղծում Մերձավոր Արևելքում: Եթե Իրաքը գնա այս քայլերի իրականացմանը՝ դա կնշանակի, որ պատերազմ է հայտարարում քրդերին, որը վերջնականապես կխաթարի տարածաշրջանի խաղաղությունը:
Եթե Իրաքի կառավարության նախանշված քայլերը կյանքի կոչվեն, ապա դրանից տնտեսական վնասներ կկրի նաև Հայաստանի Հանրապետությունը: Մեր երկրից քրդական ինքնավարություն են առաքվում մի շարք ապրանքներ, իսկ Քրդստանից մեր երկիր են գալիս բազմաթիվ տուրիստներ: Եթե Իրաքը արգելի միջազգային ավիափոխադրումները, ապա Հայաստանի և Իրաքի քրդական ինքնավարության միջև առկա առևտրաշրջանառությունը կդադարի: