Թուրք զինվորականները Սիրիայում կգտնվեն այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղից սպառնալիք է բխում Թուրքիայի ազգային անվտանգության համար: Այդ մասին, ինչպես հոկտեմբերի 10-ին հայտնել է NTV հեռուստաալիքը, հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին:

«Մենք պետք է այնտեղ գտնվենք այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայից սպառնալիք է բխում Թուրքիայի համար: Այնտեղ է գտնվում Սիրիական ազատ բանակը, որը գործում է մեզ հետ միասին: Այսինքն՝ սիրիացիները: Նրանք իրենք են պաշտպանում իրենց հողը, իսկ մենք նրանց աջակցություն ենք ցուցաբերում»,-ասել է Ջանիկլին: Նախօրյակին Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է Իդլիբում գործողություն սկսելու մասին: Հանրապետության զինվորականները Սիրիայի տարածք են մտել հոկտեմբերի 8-ին եւ հետախուզական աշխատանքներ կատարել հենակետեր տեղակայելու համար: Դրանք գործի կդրվեն հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: