Նախորդ տարի Արցախում ծանր վիրավորում ստացած 22-ամյա Հովհաննես Պողոսյանը նոյեմբերի 1-ին գանգոսկրի պրոթեզավորման բարդ վիրահատության է ենթարկվել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
Նա նշեց՝ վիրահատությունն անցել է նորմալ. «Վիրահատությունը տևեց մոտավորապես 6 ժամ: Հովհաննեսն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս պահին վիճակը գնահատում եմ նորմալ հետվիրահատական:
Հովհաննեսն Ապրիլյան պատերազմից հետո ուներ գանգոսկրի բավականին մեծ դեֆեկտ: Գերմանիայից հատուկ թիթեղ է պատվիրվել՝ այդ դեֆեկտը փակելու համար: Վիրահատության իմաստը դեֆեկտը փակելն է, թեև այն հիվանդի ֆունկցիոնալ վիճակի վրա չի ազդում, սակայն փակվում է, որպեսզի հարվածի դեպքում ուղեղը չվնասվի: Կատարվել է նաև կոսմետիկ միջամտություն»,- ասաց Անատոլի Գնունին:
Բժշկի խոսքով՝ վիրահատությունից հետո Հովհաննեսի վերքն ապաքինվելու համար շատ ժամանակ չի պահանջվի, սակայն որպեսզի նա իրեն վերջնականապես լավ զգա, դեռ պետք է վերականգնողական երկար շրջան անցնի:
Նշենք, որ Հովհաննես Պողոսյանը Վանաձորից է, նրա ընտանիքը Երևանում է ապրում վարձակալական հիմունքներով:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը: Վերջինս ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, բազմաբեկորային վնասվածքներ։ Նշենք, որ վիրավորի մոտ ուղեղային կոմա էր առկա։
Սոնա Հարությունյան