«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ թեև այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում ստորագրվելու է ՀՀ-Եմ ասոցացման համաձայնագիր, սակայն դա դեռ չի նշանակում, որ մենք ԵՄ լիիրավ անդամ ենք. «Ի վերջո, մենք չենք մտնում Եվրամիություն, նախևառաջ, մեզ ոչ ոք այնտեղ չի էլ հրավիրում»,- այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նա՝ կարևորելով Հայաստանի ու Եվրոպական միության միջև կնքվելիք գործընկերության համաձայնագիրը, որը նախաստորագրվել էր այս տրվա մարտին՝ Երևանում։
Ըստ Ալավերդյանի՝ այս հարցում պետք է համատեղել ազգային և մշակութային շահը, հոգևոր արժեքները՝ տարբեր սուբյեկտներից բաղկացած Եվրամիության հետ, քանի որ մենք շատ բան ունենք սովորելու Եվրամիությունից։ «Եթե դու քեզ հեռու ես պահում այդ խառը վիճակներից, դու չկաս, քեզ հաշվի չեն առնում, դու գործող սուբյեկտ չես և դիտող ես կամ օբյեկտ, որի հետ աշխատում են այս կամ այն ուժերը»,- ասում է Լարիսա Ալավերդյանը։
Նա նաև փաստում է, որ հարցը ոչ այնքան բուն համաձայնագրի ստորագրման մեջ է, որքան Հայաստանի հետագա քայլերի մեջ. «Դուք տեսե՞լ եք, որ մի բանի մենք միանանք և ամբողջովին կատարենք։ Այստեղ ինձ համար մեծ խնդիր է, թե մեր իշխանությունները ինչ կքաղեն այդտեղից, որովհետև քաղելու բան այդտեղ կա»։
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանն անդրադարձավ նաև օրերս «Զվեզդա» հեռուստաալիքով հեռարձակված հաղորդմանը, որտեղ ՀՀ-ի և ԵՄ-ի համագործակցության ու սպասվող համաձայնագրի ստորագրման վերաբերյալ հաղորդավարուհին ոչ կոռեկտ ձևակերպումներ էր թույլ տվել. «Մենք նման ենք սիրված երեխայի, ում հանկարծ վատ բան են ասել։ Մենք երեխա չենք, ի դեպ սիրված էլ չենք այդքան, այնպես որ, եղեք սթափ։ Դրանք պետական հարաբերություններ են և պետությունը ներկայացնող ամենատարբեր ուժերը ունեն հնարավորություն՝ Ռուսաստանում արտահայտել իրենց միգուցե պետական կարծիքի հետ չհամընկնող կարծիք»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։