Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում մեկնարկել են ՀՀ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ- Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» լսումները:
Լսումներին մասնակից քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ այս նախագծի անհրաժեշտությունը հիմնավորվում է ՌԴ կողմից հայերիս նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով. «Ես պնդում եմ, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ԵԱՏՄ-ն չի համապատասխանում Հայաստանի շահերին և ասածս ապացուցելու համար կբերեմ 10 պատճառ»,-ասաց Գրիգորյանը՝ թվելով դրանք.
1. ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները տարբեր մոտիվացիներ ունեն այդ միության կազմում մնալու համար, որը չունենք մենք, օրինակ՝ Ղազախստանն ունի ՌԴ հետ ընդհանուր սահման, Բելառուսը ստանում է տարբեր աջակցություներ, որոնք մենք չենք ստանում:
2 Մենք չունենք Ռուսաստանի հետ ընդհանուր ցամաքային սահման:
3 ՌԴ-ն ցանկություն չի հայտնում վերանորոգել Վերին Լարսի սահմանը: Ի՞նչ է՝ դժվա՞ր է ՌԴ-ի համար այդ ճանապարհը կառուցելը, չէ՞ որ մեր բեռներն առանց խնդրի հատում են Վրաստանի սահմանը և հենց ՌԴ սահմանում են սկսվում խնդիրները: Դա ապացուցում է, որ Հայաստանի հետ տնտեսական պրոյեկտ ստեղծելու ցանկություն՝ այդ պետությունը չունի:
4 ՌԴ տնտեսական ծանր վիճակը, որի մասին հայտարարում է նույն ինքը՝ Պուտինը:
5 Սանկցիաներ՝ հայերի նկատմամբ, ասվածի վառ օրինակը վարորդական իրավունքների պատմությունն է: Այսկերպ ՌԴ-ն իր աշխատողին է ուզում ապահովել աշխատանքով:
6 Ավելացվող ակցիզային հարկեր՝ Հայաստանից արտահանվող խմիչքների համար:
7 Օրեցօր ավելացող նոր խաղի կանոններ՝ ընդդեմ հայերիս (փակվել են մանր առևտրի բազմաթիվ կետեր):
8 Իրանի հետ Հայաստանի առևտրի սահմանափակում:
9 Կոռուպցիա, մոնոպոլիա, խաղի ոչ հավասար կանոններ՝ Հայաստանում ներդրում անել ցանկացողների համար: Դրանց դեմ մենք չենք կարողանում պայքարել, քանի որ մեր ֆունկցիաները փոխանցել ենք ԵԱՏՄ-ին:
10 ՌԴ սահմանադրական դատարանի որոշմամբ ՌԴ ներքին օրենսդրությունը գերակա է ԵԱՏՄ բոլոր օրենքներին և անդամ պետությունների միջև ստորագրված պայմանագրերին: Այս նորմը ոտնահարում է Հայաստանի քաղաքացիների շահերը:
Վերջում Ստեփան Գրիգորյանը կոչ արեց Հաայսատնի Սահմանադրական դատարանին՝ քննարկման առարկա դարձնել այս 10-րդ կետը և հանդես գալ Հայաստանի քաղաքացիների շահերը պաշտպանությամբ: