ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ն այցելել է Երևան՝ ներկայացնելու Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը: ԺՀՄԻԳ թիմն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել այն հանձնարարականներին, որոնք վերաբերում են ձայների գնմանն ու պետական ռեսուրսների չարաշահման խնդիրների լուծմանը, և որոնք կօգնեն ամրապնդել հասարակության վստահությունն ընտրական գործընթացի հանդեպ:

Հիմա, երբ ԺՀՄԻԳ-ը Հայաստանի իշխանություններին հորդորում է հետևել «հանձնարարականներին, որոնք վերաբերում են ձայների գնմանն ու պետական ռեսուրսների չարաշահման խնդիրների լուծմանը», փաստացի առաջարկում է կտրել այն ճյուղը, որի վրա այսօր այդ իշխանությունները նստած են, որովհետև կոչ է անում վերացնել այն հիմքերը, որոնց վրա կայանում է հայաստանյան համակարգի թվացյալ լեգիտիմությունը:Հայաստանում ընտրական մրցակցային միջավայր կառաջանա միայն այն պարագայում, երբ հասարակությունը քաղաքական որևէ ծրագիր ավելին գնահատի հինգ կամ տաս հազար դրամից: Իսկ այդ խնդիրը գործնականում դուրս է միջազգային որևէ առաքելության մանդատից և վերաբերում է Հայաստանի քաղաքական համակարգի պոտենցիալին: Այդ պոտենցիալն իրենից ենթադրում է այլընտրանքային քաղաքական ծրագրերի և պլատֆորմների ձևավորում: Դրանց բացակայության պայմաններում գործող իշխանությունը ոչ միայն անխոչընդոտ կերպով վերարտադրվեց, այլեւ էլ ավելի ամրապնդեց դիրքերը: Թե՛ խորհրդարանական եւ թե՛ Երեւանի ավագանու ընտրությունները փաստեցին, որ Հայաստանում տարեցտարի մեռնում է կլասիկ քաղաքականությունը՝ իր տեղը զիջելով բացահայտ եւ համատարած քաղաքական կոռուպցիային: Իհարկե, իշխանությունն իր քարոզչության ընթացքում փորձում է ցույց տալ, թե հասարակությունն է մեղավոր, այսինքն` հասարակությունն է 10 հազար դրամները վերցրել, մոռանալով, որ կազմակերպիչը հենց իշխանական իսթեբլիշմենթն է և պատասխանատվություն է կրում դրա համար: Հետևաբար, բարեփոխման կարիք ունեն առաջին հերթին իշխանությունները: Զեկույցով պատասխանատուները ճիշտ մեսիջ են ուղարկել, և իշխանությանը, ով և՛ պատասխանատուն է, և՛ մեղավորը, կոչ է արվում փոխել սեփական վարքագիծը և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

 

Ստելլա Խաչատրյան