Մեղրիի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունը չափազանց կարեւոր քայլ է Հայաստանի համար:  Այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նրա խոսքով՝ ազատ տնտեսական գոտու հնարավորինս արագ եւ որակյալ գործարկումը կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների, ինչպես նաեւ առեւտրաշրջանառության ծավալի ընդլայնմանը: «Այն կարող է դառնալ լուրջ հարթակ Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների համատեքստում, եւ հաշվի առնելով այն, որ Հայաստանը վերջերս Եվրամիության հետ ստորագրեց համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, նաեւ Իրան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում: Հետեւաբար, մեզ համար ծրագիրն իսկապես մեծ կարեւորություն ունի հատկապես տնտեսական իմաստով: Սակայն սա ամենեւին չի նշանակում, որ ծրագիրը չունի քաղաքական բաղադրիչ, որովհետեւ նմանատիպ միջոցառումներով Հայաստանը փորձում է նաեւ ինչ-որ առումով հաղթահարել այն շրջափակումը, որը մեզ պարտադրվել է մեր հանդեպ թշնամական դիրքորոշում ունեցող այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը: Եվ այդ խնդիրները հաշվի առնելով` չպետք է մոռանալ աշխարհաքաղաքական բաղադրիչի մասին»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Իրանագետի համոզմամբ՝ ամեն ինչ կախված է Հայաստանի եւ Իրանի կողմից տարվող աշխատանքներից` ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններից լիարժեքորեն օգտվելու համար: «Ծրագիրը կարող է ունենալ լավ ապագա, բնականաբար եթե դրա շրջանակում շարունակվեն ինտենսիվ աշխատանքներ»,-եզրափակեց իրանագետը:

Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 15-ին: