Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողներին կոչ է անում դադարեցնել հացադուլը և վերադառնալ քննարկումների կառուցողական դաշտ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց, որ Ազգային ժողովում ուսանողների հետ կայացած կլոր-սեղան քննարկման ընթացքում դրական առաջընթաց արձանագրվեց, պաշտպանության և կրթության նախարարությունները պատրաստակամություն հայտնեցին լսել ուսանողներին:
«Ազգային ժողովում կլոր-սեղան քննարկումից հետո նրանք քննարկումները շարունակել են կառավարության հետ: Մի քանի անգամ հանդիպումներ են ունեցել կրթության և գիտության նախարարությունում, մի քանի հանդիպում էլ պաշտպանության նախարարությունում: Ես չգիտեմ, թե ինչ ընթացք են ստացել ուսանողների և կառավարության քննարկումները, չեմ կարող որևէ բան ասել, որովհետև քննարկումների կողմ չեմ եղել: Միգուցե, ուսանողները մաքսիմալիստական պահանջներ են ներկայացրել, չգիտեմ, չեմ կարող ասել: Բայց ցանկանում եմ օգտվել առիթից և կոչ անել ուսանողներին դադարեցնել հացադուլը, որովհետև հարցերն այդպես չեն լուծվում»,- ընդգծեց Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը կրկնեց, որ Ազգային ժողովում կայացած քննարկումների ընթացքում պաշտպանության և կրթության նախարարությունները պատրաստակամություն են հայտնել ընդառաջել՝ ուսանողներին կոչ անելով վերադառնալ քննարկումների:
Նա հավելեց, որ խորհրդարանը հանդես է եկել մոդերատորի դերում, որպեսզի ուսանողների և կառավարության միջև քննարկումներ լինեն՝ շեշտելով, որ ԱԺ-ում կայացած քննարկումների ժամանակ դրական առաջընթաց նկատվել է: Դրանից հետո քննարկումները շարունակվել են կառավարության և ուսանողների միջև, որոնց ընթացքի մասին տեղեկություններ ինքը չունի:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ ուսանողները գոհ չեն կառավարության հետ քննարկումների արդյունքներից և կրկին հացադուլ են սկսում:
Ազգային ժողովում պատգամավորների, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և ուսանողների մասնակցությամբ կլոր-սեղան քննարկումից հետո քննարկումներ էին սկսվել կառավարության և ուսանողների միջև, որի շրջանակներում ուսանողները մի քանի անգամ հանդիպումներ էին ունեցել ՊՆ-ում ու ԿԳՆ-ում:
Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը: Նոյեմբերի 29-ին այն ստորագրել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: