Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ խաղաղ ցուցարարների վրա հարձակված երկու թուրք ընդունել են իրենց մեղքը: Այս մասին հայտնում է «Ամերկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը:
 
Վիրջինիայում բնակվող 45-ամյա Սինան Նարինը և Նյու Ջերսիում բնակվող 50-ամյա Էյուփ Յըլդըրըմը Կոլումբիայի դատարանում ընդունել են «ծանր վնասվածքների պատճառ դարձած հարձակում գործելու» մեղադրանքը:
 
Դատախազը նրանց համար պահանջել է մեկ տարի և մեկ օր ազատազրկում:
 
Նշենք, որ սեպտեմբերին Միացյալ Նահանգներ կատարած այցելության ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն բանտում հանդիպել էր Սինան Նարինին և Նյու Էյուփ Յըլդըրըմին:
 
Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 16-ին կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ էին դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց էին տեղափոխվել: Հայտնի է, որ հարձակումն իրականացրածների շարքում են եղել նաև Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում էր, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:
 
Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:
 
Հարձակմանը մասնակից ԱՄՆ երկու թուրք քաղաքացի ձերբակալված էին:
 
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 6-ին միաձայն ընդունել էր թիվ 354 երկկուսակցական բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար: Բանաձևին կողմ է քվեարկել 397 ներկայացուցիչ: