Վաշինգտոնը դիմել է իրանական կառավարությանը՝ ողջ հանրապետությունում ցույցերի մասնակիցների հանդեպ զսպվածություն դրսևորելու կոչով։ Այս մասին հայտարարել է Պետդեպի մամլո քարտուղար Հիզեր Նաուերթը ճեպազրույցի ժամանակ։
Նման մի կոչով էլ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Իրանի նախագահ Հասան Ռուհանիին զսպվածություն ու հանգստություն պահպանել հանրապետությունում զանգվածային անկարգությունների ֆոնին։
Ֆրանսիայի նախագահին անհանգստացրել է նաև ակցիաների ժամանակ զոհվածների թիվը:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլինն էլ հայտարարել է, որ այս իրադարձությունների հետ կապված ԱՄՆ-ն մտադիր է առաջիկա օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի հատուկ նիստեր գումարել:
Իրանի ներքին գործերի նախարարի անվտանգության հարցերով տեղակալ Հոսեյն Զոլֆագարին հայտնել է, որ երկրի շրջանների մեծամասնությունում իրավիճակը կարգավորվել է, և 21 մարդու կյանք խլած բողոքի ցույցերը շուտով կավարտվեն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ից Իրանի մի շարք քաղաքներում զանգվածային հակակառավարական ցույցեր են անցկացվում: Ձերբակալվել է մոտ 450, զոհվել 21 մարդ: