Կառավարության շենքի առջև «Աշտարակ Կաթ» ընկերության գործունեությունից տուժած տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք շուտով պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2016թ. վճռով «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել.  խոշոր արտադրողը պարտքեր է կուտակել ինչպես պետության, այնպես էլ աշխատողների և կաթ մատակարարող գյուղացիների նկատմամբ: Այժմ «Աշտարակ կաթի» սեփականատերն է «Պարգև» ՓԲԸ-ն: 

«Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն փորձում է գումար շորթել 240 մանրածախ տնտեսվարողներից։ Ըստ նրա, «Աշտարակ կաթ»-ում գործում է հանցավոր խումբ. մանրածախ տնտեսվարողները մինչև 2016 թվականը ապրանքներ են ստացել առաքիչներից, վճարել դրա դիմաց։ Առաքիչները հաջորդ այցերին տնտեսվարողներին տվել են գումարների անդորրագրերը, նոր ապրանք տվել, գանձել կանխիկ գումարը։ Ըստ նրա, խաբեությամբ փորձ է արվում շորթման ենթարկել 240 մանրածախ տնտեսվարողների:

Ավելի վաղ հրավիրված մամուլի ասուլիսում տնտեսվարողներ Էդուարդ Կոշտոյանը և Լուսյա Հարությունյանը հայտարարել են, որ խոսքը մեծ գումարների մասին է՝ 200 հազարից մինչև 5 մլն դրամ, ընդ որում, այդ գումարներն արդեն բազմապատկվել են:  Ընկերությունը նրանց նման ևս 238 տնտեսվարողներից է գումարներ պահանջել: 

Տեսանյութը՝ Tert.am-ի