Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունների արտերկրյա քվեարկությունը հունիսի 19-ին ավարտվել է: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, հունիսի 7-ից արտերկրում մեկնարկած քվեարկությանը մասնակցել է 1 մլն 486 հազար 408 քաղաքացի (48,78 տոկոս), ինչը ռեկորդային մեծ թիվ է համարվում նախորդ տարիների համեմատ:

Թեպետ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը տվյալներ չի հրապարակել արտերկրում տեղի ունեցած քվեարկության արդյունքների վերաբերյալ, սակայն հայտնի է, որ ընտրություններին ամենամեծ մասնակցությունը եղել է Բելգիայում և Շվեյցարիայում: Ընդհանուր առմամբ, քվեարկություն է տեղի ունեցել 60 երկրի 123 ներկայացուցչությունում:

Հունիսի 7-ից Թուրքիայի սահմանային անցակետերում մեկնարկած քվեարկությունը կավարտվի միայն հունիսի 24-ին:

Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն միայն հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք հիմնական քվեարկությունից հետո: