Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ամփոփել է նախարարի պաշտոնում իր գործունեության 100 օրը:
Ներկայացնում ենք Մխիթար Հայրապետյանի աշխատանքային 100-օրվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները.
Մայիսի 30-ին ՀՀ պատվիրակության կազմում Մխիթար Հայրապետյանը երկօրյա այցով մեկնել է Թբիլիսի: Կլոր սեղանի շուրջ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության հետ քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման շուրջ բազմաթիվ կարևոր հարցեր, որոնցից մի քանիսի վերաբերյալ արդեն իսկ տեղում որոշ համաձայնություններ են ձեռք բերվել: Պատվիրակությունը հյուրընկալվել է նաև նախագահական նստավայրում: Հանդիպում է եղել Վրաստանի մշակույթի նախարարի և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասանների հետ: Այցի շրջանակում ծանոթացել են թատրոնի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդությամբ այցելել են նաև Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոն:
Նախարարությունն իրականացրել է «Արի տուն-2018» անցումային ծրագիրը: Նախարարի որոշմամբ առաջին անգամ սփյուռքի նախարարությունը սկսել է համագործակցել մասնավոր սեկտորի հետ՝ ծրագրում ներգրավելով տարբեր կազմակեպությունների:
«Ոսկե ծիրան» XV հոբելյանական միջազգային կինոփառատոնի շրջանակում՝ հուլիսի 15-ին, նախարարը հանձնել է հատուկ մրցանակ: Առաջին մրցանակակիրը դարձել է ֆրանսահայ տաղանդավոր ռեժիսոր Առնո Խայաջանյանը՝ «Մենք ենք, մեր սարերը» վավերագրական ֆիլմով:
Հուլիսի 24-ին տեսազանգի միջոցով նախարարը ուղիղ կապ է հաստատել ԱՄՆ-ում կայացած Հոմենթմենի երիտասարդական ֆորումին, հանդես եկել ելույթով ու պատասխանել ներկաներին հուզող մի քանի հարցերի: Ֆորումը կրում էր «Ընդլայնելով ապագայի հնարավորությունները. քո քայլն ավելի հզոր Հայաստանի համար անվանումը»:
Հուլիսի 24-ին նախարարը հրապարակել է Սփյուռքի նախարարության նոր տարբերանշանը՝ լոգոն, որի հեղինակը ցանկացել է մնալ անհայտ և լոգոն նվիրել է նախարարությանը:
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 24-27-ը պաշտոնական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն, հանդիպում ունեցել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Կիպրոս-Հայաստան բարեկամական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելուն ուղղված քայլեր:
Նախարարը հանդիպում է ունեցել Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրում բնակվող կիպրացիների հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հետ: Նախարարը մասնակցել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հանդիպմանը, որին մասնակցում էր Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը: Կողմերը համաձայնության են եկել համատեղ անցկացնել մի քանի ծրագիր, որոնցում ներգրավված են հիմնականում երիտասարդները:
Այցի ընթացքում նախարարը հանդիպել է նաև Եգիպտոսի ներգաղթի նախարար Նաբիլա Մաքրամի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ անցկացնելու քառակողմ հանդիպում Հայաստան-Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս ձևաչափով:
Այցի շրջանակում նախարարը հանդիպել է ԿՀ-ում հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանին, վերջինիս հետ քննարկել կիպրահայերին հուզող հարցեր, ապա հանդիպել տեղի հայ համայնքի հետ: Նախարարն այցելել է նաև Մելքոնյան կրթական ինստիտուտ, ծանոթացել խնդիրներին՝ լսելով և՛ ՀԲԸՄ դիրքորոշումը, և՛ ինստիտուտը ավարտած սաներին:
Հուլիսի 28-ից օգոստոս 7-ը նախարարն աշխատանքային այցով եղել է ԱՄՆ-ում, հանդիպել Լոս Անջելեսի, Նյու Յորքի և Բոստոնի հայ համայնքների, կուսակցությունների, միությունների հետ: Հանդիպումների ժամանակ նախարարը պատասխանել է տեղի հայերին հուզող հարցերին, լսել նրանց մտահոգությունները:
Նախարարությունն իրականացրել է «Քայլ դեպի տուն-2018» ուսումնաճանաչողական ծրագիրը, որն այս տարի անցկացվել է առաջին անգամ, միաժամանակ ընդունել է 440 սփյուռքահայ երիտասարդի ու պատանիների: Այս անգամ ևս նախարարը որոշել է համագործակցել մասնավոր սեկտորի հետ՝ ծրագրում ներգրավելով Հայ-ռուսական համալսարանը, «Teach for Armenia» և «Birthright Armenia» հիմնադրամները, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և այլ կազմակերպություններ: Ծրագրի շրջանակում նախարարը մի քանի անգամ հանդիպել է մասնակիցների հետ:
Ներկայումս նախարարի գլխավորությամբ աշխատակազմը աշխատում է «ՆերՈւժ» ծրագրի վրա: «Սփյուռքի նախարարությունը FAST և IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) , Impact Hub Yerevan-ի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ մեկնարկում է «ՆերՈւԺ» ծրագիրը: