«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Արմավիան» գնելու մտադրություն չի ունեցել եւ չունի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը նշեց, որ լրատվամիջոցներում տարածված այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Գագիկ Ծառուկյանը նման մտադրություն չի ունեցել եւ չունի, ավելին' եթե կան կազմակերպություններ, ովքեր կարող են ոլորտում առկա խնդիրները լուծել եւ ծառայությունները որակական նոր փուլ տեղափոխել, ապա պարոն Ծառուկյանը միայն ողջունում է»,- նշեց նա:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր Ծառուկյանը հանդիպել «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հետ, նա պատասխանեց, որ այդ հանդիպման կայացման մասին, որպես մամուլի խոսնակ, որեւէ տեղեկատվություն չունի:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ «Արմավիա» ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովի հանդիպման մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Խնդիրը վերաբերում է «Արմավիա» ընկերության վաճառքին: Ծառուկյանը մտադիր է գնել եւ Բաղդասարովին համոզում է, որ այն սնանկ հայտարարի, որից հետո կկայանա վաճառքը: Սակայն սրան դեմ է կառավարությունը, քանի որ չվճարված աշխատավարձերը կհանգեցնեն բողոքի, ուստի ուզում են, որ վաճառքը կայանա պարտքերի հարցը լուծելուց հետո: Ի դեպ, բանակցություններ են ընթանում նաեւ արտասահմանյան 2 ընկերությունների՝ ամերիկյան «Վիրջին ատլանտիկի» եւ իտալական մի ընկերության միջեւ, սակայն Ծառուկյանի մտադրությունը խանգարում է այս բանակցություններին: