Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հոկտեմբերի 29-ին Թուրքիայի դեսպանատան հրավերով մասնակցել է Թուրքիայի Հանրապետության 95-ամյակին նվիրված միջոցառմանը: Համացանցում լուսանկար էր հրապարակվել այդ միջոցառումից:
 
Մարիլոսյանի` այդ միջոցառմանը մասնակցելն ու լուսանկարի հրապարակումը զայրույթի ալիք են բարձրացրել: Նրան կոչ են անում թողնել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի պաշտոնը:
 
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտել է Մարիլոսյանի` այդ միջոցառմանը ներկայությունը՝ շեշտելով, որ դա նշանակում է աջակցություն հայտնել Թուրքիայի գործող կառավարության վարած քաղաքականությանը, այն է` Թուրքիայի հայ համայնքի նկատմամբ ակնհայտ քսենոֆոբ քաղաքականությունից մինչև Արցախի հարցում Ադրբեջանին աջակցում, հայ-թուրքական երկխոսության օգտին հանդես եկող թուրք գործիչների ձերբակալում, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին խոչընդոտում և այլն:
 
Խորհուրդը կարծում է, որ Մարիլոսյանի դիրքորոշումը և նրա զբաղեցրած պաշտոնը համատեղելի չեն:
 
Այս կոչերին ու համացանցում օրեցօր ավելի սրացող քննադատություններին արձագանքելով` Մարիլոսյանը հանդես է եկել հայտարարությամբ:
 
«Ես հասկանում եմ ձեր բոլոր հույզերը, որոնց պատճառը ինձ Թուրքիայի դեսպանատանը ցուցադրող լուսանկարն էր: Ես իմ ափսոսանքն եմ արտահայտում ու ներողություն խնդրում բոլոր նրանցից, ում շոկի եմ ենթարկել և ցավեցրել: Իմ նվիրվածությունը Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբին, ինչպես նաև Ցեղասպանության ժխտման դեմ իմ պայքարը հաստատուն են»,- ասել է նա: