Նոր Նորքի թաղապետարանը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ապամոնտաժեց Սաֆարյան 2 հասցեում գտնվող 835/2 ավտոտնակի տանիքը, մինչդեռ տարածքը վարձակալած Սյուզաննա Աբգարյանը պնդում է, որ թաղապետարանի անձնակազմի կողմից տարվող աշխատանքներն ապօրինի են, քանի որ նա որևէ ծանուցում չի ստացել ապամոնտաժման հետ կապված, ինչպես նաև վարձակալել է տվյալ տարածքն ու դրա համար գումար է վճարում թաղապետարանին:
Սակայն հարկ է նկատել, որ թաղապետարանի աշխատակիցները ավտոտնակի տանիքը ապամոնտաժելիս կոտրել են ներսում կանգնեցրած մեքենան, որը պատկանում է Սյուզաննա Աբգարյանի հարազատներից մեկին:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գոռ Հարությունյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց մեքենան վնասելու մասին տեղեկությունը:
«Տանիքը հանելիս աշխատակիցները տեղում են եղել, և ես տեղյակ եմ, որ ոչինչ չի վնասվել: Ինձ ցույց են տվել նկարներ, որտեղ ոչ մի կոտրված մեքենա չկա: Իսկ չեք մտածու՞մ, որ տվյալ շինությունը կառուցողն է հենց դիտավորյալ կոտրել մեքենան»,- նկատեց վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:
Գոռ Հարությունյանն իր խոսքում հավելեց, որ չի հասկանում, թե ինչպես կարող է նման բան տեղի ունենալ:
Ավտոտնակը վարձակալած Սյուզաննա Աբգարյանն էլ մեզ հետ զրույցում բացառեց իրենց կողմի մեքենան վնասելու մասին՝ Գոռ Հարությունյանի խոսքերը:
«Թող մեքենան հատուկ սարքավորմամբ տեղափոխեին, իրենց գործողությունը վերջացնեին, որ չվնասվեր այն: Նրանք այդպիսով նորմերը խախտել են: Մեքենայի տերը և նամանավանդ մենք՝ երբեք չէինք վնասի մեքենան: Մենք դիմելու են ոստիկանություն. թող փորձագետներ ուղարկեն և պարզ է, թե ով և ինչպես է վնասել մեքենան»,- ընդգծեց Սյուզաննա Աբգարյանը:
Տիկին Աբգարյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ մեքենան վնասելու մասով դիմել է ոստիկանություն և հաղորդում է տվել այն, մասին, որ Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցներն ապօրինի գործողություններ իրականացնելիս վնասել (կոտրել) են ավտոտնակի ներսում գտնվող մեքենան, սակայն ոստիկանները չեն ընդունել իրենց հաղորդումը, պատճառաբանելով, թե այդտեղ որևէ հիմք չկա:
ՀՀ ոստիկանության պատասխանը ԼՈՒՐԵՐ.com-ը կհրապարակի ավելի ուշ: