Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանն այս տարի կառանձնանա նրանով, որ ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերից կլինեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը: Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այս համատեքստում կբարձրացնի նաև Ադրբեջանում ապօրինաբար 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը:
Պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարևորեց հատկապես նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի զեկույց, որը վերաբերում է ռասիզմին, անհանդուրժողականությանը և այլակարծությանը՝ հատկապես երկրների պաշտոնյաների, քաղաքական գործիչների ելույթներում և հռետորաբանության մեջ: Եվրոպայի խորհրդի կողմից հստակ հանձնարարականներ են եղել անդամ պետությունների ղեկավարներին՝ մշակել էթիկայի կոդեքսներ քաղաքական գործիչների ելույթներում ռասիզմը, անհանդուրժողականությունը զսպելու համար:
Զոհրաբյանն իր ելույթի համար նախանշել է երեք թիրախներ: «Քաղաքական գործիչների ելույթներում ռասիզմի և անհանդուրժողականության խոսքի հռետորաբանության կոնտեքստում ես շատ լուրջ ասելիք ունեմ: Ես բնականաբար բարձրացնելու եմ նաև վերջերս Ադրբեջանի դատարանի կողմից 20 տարի ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը: Չնայած նա քաղաքացիական անձ է, սակայն Ադրբեջանի կողմից գնահատվել է որպես դիվերսանտ ու դատապարտվել նման բարձր պատժաչափի»,-ասաց նա:
Զոհրաբյանը բարձրացնելու է նաև Արցախի ժողովրդի կրթության և առողջության իրավունքի պաշտպանության խնդիրը: Նա նկատեց, որ միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ հստակ նշում են, որ երկրի չճանաչված լինելը չի զրկում տվյալ երկրի քաղաքացիներին օգտվել Եվրոպայի կրթական և առողջապահական ծրագրերից, սակայն դա Արցախի ժողովրդի դեպքում կյանքի չի կոչվում:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը կմեկնարկի ապրիլի 8-ին Ստրասբուրգում:
ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Դատական նիստը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Ադրբեջանում ՀՀ քաղաքացու նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել այդ երկրի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ սպանություն, ահաբեկչություն, հասարակական կարգի խախտում և այլն։ Չնայած Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, այդուհանդերձ Ադրբեջանում նա ներկայացվել է որպես դիվերսանտ:Դեպքի հետ կապված 2018թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։ Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: