Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի գործի դատական քննությունը:

Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4 -ն անց 40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ Սարգիս Վարդանյանը երկու ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:

Ճանապարհի այդ հատվածում թույլատրելի առավելագույն՝ 60 կմ/ժ արագությունը Սարգիս Վարդանյանը գերազանցել է մոտ երկու անգամ՝ մեքենան վարել է 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի արդյունքում բախվել է կարմիր լույսի տակ, լուսային ազդանշանները միացված վիճակում խաչմերուկ մտած՝ ՃՈ «Տոյոտա» ավտոմեքենային, որի ղեկին ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանն էր:

«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է:

Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:

Վթարից որոշ ժամանակ անց «Նաիրի» բ/կ է դիմել 44-ամյա Սուրեն Մ.-ն, հայտնել է, թե մարմնական վնասվածք է ստացել վթարի հետևանքով, քանի որ ինքն է եղել ոստիկանների մահվան ելքով վթարի մասնակից ««BMW-X6» մեքենայի ղեկին:

Կարճ ժամանակ անց պարզվել է, որ քաղաքացին ինքն իր նկատմամբ «սուտ մատնություն» է կատարել՝ Ճվճվ Արոյի որդու կատարած վթարը վերցնելով իր վրա:

Նույն օրը Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է:

Սարգիս Վարդանյանի վարած «BMW»-ի մեջ հայտնաբերվել են ռուսական ու հայկական համարանիշեր:

Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը կալանավորումն է: Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը վթարի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է՝ եթե մեղավոր է, պատրաստ է պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

Սարգիս Վարդանյանի շահերը պաշտպանում է փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը:

Տուժողների իրավահաջորդները բողոքել են Սարգիս Վարդանյանի դեմ ու պնդել են, որ նա ենթարկվի պատասխանատվության ու խստագույն պատժի:

Տուժող Արեգ Դավթյանի իրավահաջորդի ներկայացուցիչը փաստաբան Ռուբեն Բալոյանն է, իսկ տուժող Խաչիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ փաստաբան Զարուհի Վարդանյանը:

Դեպքի պահին ոստիկանական «Տոյոտայի» ղեկին գտնված ու կարմիր լույսի պայմաններում խաչմերուկ մուտք գործած Արեգ Դավթյանի մասով նախաքննական փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Ա. Դավթյանի մահվան կապակցությամբ:

Նախորդ նիստերից մեկում ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հ. Մարտիրոսյանը միջնորդել էր պաշտպանական կողմին տրամադրել հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները թույլատրելու վերաբերյալ նյութերը: Դատարանը, կողմերին լսելով, մերժել էր միջնորդությունը՝ նշելով, որ ամբաստանյալի նախկին պաշտպան, փաստաբան Ս. Ջաղինյանի կողմից համանման միջնորդություն դատարանում արդեն իսկ արվել է, դատարանը որոշում է կայացրել, այդ կապակցությամբ որոշում է կայացրել նաև վերաքննիչ դատարանը: Գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները դատարանում հրապարակվել են դռնփակ պայմաններում՝ հաշվի առնելով այդ խոսակցություններում հայհոյանքների առատությունը:

Մինչ այդ դռնբաց պայմաններում հրապարակվել էր նույն հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների ձայնագրությունների զննության արձանագրությունը: Մասնավորապես՝ հրապարակվել էր Սարգիս Վարդանյանի և Սուրեն Մ.-ի այն խոսակցությունը, որի ժամանակ Սարգիսն առաջարկել էր, որ Սուրենն իր վրա վերցնի վթարի մեղավորությունը.

«Սարգիս-Հալալ ախպերդ կարա՞ քեզ մի բան խնդրի»:

«Սուրեն-Հա, ո՞նց չի կարա»:

«Սարգիս-Ոտքի վրա ձիգ ձևի քեզ պահի, բ…-ի տղա ըլնեմ, մինչև վերջ, Աստվածիս արև, տղու պես հետդ եմ…»:

«Սուրեն-Տոչնի ա սաղ… Կասեմ՝ վատ եմ զգացել պռոստը ինձի…»:

Սակայն Սուրենի՝ «մեղայականով» ներկայանալու կեղծ լինելը կարճ ժամանակում բացահայտվել է, Սուրենին բաց են թողել, դրանից հետո Սուրենը Սարգիսի եղբայր Սերժի հետ հեռախոսային խոսակցությունում ասել է.

«Սուրեն-Կամերաներով սաղ դրած-նկարած… Աբովյան-խաչմերուկի կամերաներով… Էդի բերին ցույց տվին,ասին՝ ո՞ւր ես, ինձի չտեսան…»:

«Սերժո-Բա ո՞ւմ տեսան…»:

«Սուրեն-Չեմ մանում, ընդեղ սաղ խառը խշտի… 100 տոկոս սաղ էրևում էր, հատ-հատ սաղ էրևում ա…»:

«Սերժո-Էդի հեսա Շամշյանը կգցի սայտ…»:

«Սուրեն-Չեմ մանում ոնց ա էղել… Էն կամերաներից կար՝ ֆռովիներից, սաղ սենց ֆռցրե նկարել էին… սաղ էրևում ա՝ ընդեղ ինչա, ոնցա…»:

Գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների հրապարկումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հ. Մարտիրոսյանը նորից միջնորդություն է ներկայացրել, որ դատարանը պահանջի ու պաշտպանական կողմին տրամադրի Սարգիս Վարդանյանի մուտքային ու ելքային հեռախոսազանգերի վերահսկում իրականացնելու թույլտվության վերաբերյալ բոլոր նյութերը:

Շարունակությունը՝ 1in.am