«Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Մուրմանսկ ինքնաթիռի այրվելու հետևանքով զոհվել է 13 մարդ։ Այս մասին հաղորդում է ТАССգործակալությունը՝ վկայակոչելով բուժծառայություններին, պաշտոնական աղբյուրները, սակայն, դեռևս չեն հաստատել լուրը։

Ավիավթարի շրջանառվող հիմնական վարկածն այն է, որ օդանավը ենթարկվել է կայծակի հարվածի, այնուհետև, վայրէջքի ժամանակ ինքնաթիռը երկու անգամ հարվածել է թռիչքուղուն։ Կայծակի մասին տեղեկությունը հաստատել է ուղևորներից մեկը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պարզել ավիաաղետի պատճառները։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի հինգին, Մոսկվայի ժամանակով 17:50-ին, «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավը «Շերեմետևո» օդանավակայանից թռիչք է կատարել դեպի Մուրմանսկ, սակայն, թռիջքից շատ չանցած, վերադարձել է օդանավակայան, որտեղ, վայրէջք կատարելիս սկսել է այրվել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ անձակազմի երեք անդամների հաջողվել է օգնություն ցուցաբերել ուղևորներին։ Վիրավորների մասին դեռևս չի հաղորդվում։