Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատաիրավական համակարգում «վեթինգ» իրականացնելու մասին: Ակնհայտ է, որ շարժառիթը եղավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին՝ դատարանի որոշումը: Վարչապետի հայտարարությունից հետո սկսվեցին քննարկումներ` մասնավորապես՝ մասնագետների կողմից, այն մասին, թե մեր գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս «վեթինգ» իրականացնել դատաիրավական համակարգում:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պարգամավոր Արթուր Դավթյանը նշեց, որ դատաիրավական համակարգում «վեթինգ» հնարավոր է իրականացնել. «Քննարկման արդյունքում կգանք ընդհանուր հայտարարի, բայց իմ անձնական կարծիքով՝ այո՛, հնարավոր է»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Սահմանադրության մեջ լինեն որոշ դրույթներ, որոնք, այնուամենայնիվ, թույլ չեն տալիս և կարող են ազդել «վեթինգի» լրիվ իրականացմանը, պատգամավորը պատասխանեց. «Տեսեք, դեռ մշակված չի, թե ինչ ընթացակարգով պիտի իրականացվի: Երբ ունենանք համապատասխան ընթացակարգ, կհասկանանք, թե այդ գործողությունները կարո՞ղ են խախտումների հանգեցնել, թե՝ ոչ: Չի կարող լինել կետ, որը կտանի խախտման»,-ասաց Արթուր Դավթյանը` նշելով, որ ընթացակարգը, միանշանակ, չպիտի հակասի գործող օրենքներին:

Սիլվի Տիգրանյան