«Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր։ Ցանկացած անհատական մեկնաբանություն սահմանադրական նորմերի վերաբերյալ մեզ համար անընդունելի է»։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նա ասաց, որ ԱԺ-ում Վահե Գրիգորյանը հայտարարեց, թե ընտրվելու պահից սկսած ստանձնում է ՍԴ նախագահի պարտականությունները, մինչդեռ մինչ այս պահը դա տեսանելի չէր. «Պարոն Գրիգորյանը եկավ, ԱԺ-ում հայտարարեց, որ այդ պահից ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները, բայց, ինչպես տեսնում եք, անցել է մի քանի օր, և նա չի ստանձնել այդ լիազորությունները։ Եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, կարծում եմ՝ նա կունենա լուրջ խնդիրներ», - ասաց Սամսոնյանը՝ շարունակելով․ «Մեկ անձը չի կարող ՀՀ-ում լինել իրավունքի աղբյուր, որոշել սահմանադրական նորմերը մեկնաբանել, և դրանք դառնան պարտադիր կատարման համար»։

ԼՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Կարեն Սիմոնյանն էլ հավելեց, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել համապատասխան իրավական ակտերով, որը վիճարկելու համար պետք է դիմել վարչական դատարան։ «Պարոն Թովմասյանը ՍԴ նախագահ ընտրվել է համապատասխան իրավական ակտերով՝ ԱԺ որոշմամբ ու դրան հաջորդող իրավական ակտերով։ Եթե պարոն Գրիգորյանը գտնում է, որ տվյալ ակտերը իրավաբանորեն վիճարկելի են, կարող է դիմել վարչական դատարան եւ այդտեղ վիճարկել», - ասաց Կարեն Սիմոնյանը։