Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ծավալուն նամակ է ուղարկել Ազգային ժողովին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին և Հանրապետության նախագահին։ Նամակում Գրիգորյանը ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման երեք տարբերակ է առաջարկել։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, սակայն Աժ նախագահը հրաժարվեց ներկայացնել առաջարկված լուծման տարբերակները։ Նա նկատեց, որ ավելի ճիշտ կլինի, որ Գրիգորյանն ինքը հանրայնացնի իր նամակը։

Միրզոյանը նշեց, որ նամակում արձանագրված է ճգնաժամի լուծման սպեկտորը՝ առկա իրավիճակի ամրագրումից մինչև փոփոխությունների չափ։ Եթե առաջնորդվենք Վահե Գրիգորյանի հայտարարությամբ և գործող Սահմանադրությամբ, ապա ՍԴ-ում կա ընդամենը երկու դատավոր և իրավասու մարմինները կարող են առաջադրել դատավորի ևս յոթ թեկնածուի։ Հիմա հերթը կառավարությանը պետք է լինի։ Միրզոյանը, սակայն, դժվարացավ պատասխանել, թե ինչ է լինելու․ «Հիմա չեմ կարող ասել՝ ինչ է լինելու, կարող եմ արձանագրել, որ կա անորոշություն, և մենք կարիք ունենք ինչպես լայն հնարավորության, այնպես էլ դատարանի կազմությանը մասնակցող մարմինների շրջանակներում լայն քննարկում ծավալալել, որպեսզի հասկանանք՝ մեր երկիրն այս ճգնաժամից ոնց է դուրս գալու։ Ճգնաժամը պետք է կոնսենսուսով լուծվի»,-ասաց Միրզոյանը՝ նկատելով, որ այս պրոցեսը կարող էր սկսված լինել դեռեւս Գրիգորյանի հայտարարությունից միանգամից հետո, սակայն ինքը պարտավոր է վերջինիս նամակը քննարկել բոլոր պատգամավորների հետ։ Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Գրիգորյանը փորձ է անում բռնազավթել իշխանությանը, ԱԺ խոսնակը արձագանքեց, որ ինքն այդ պնդման հետ 139,5 տոկոսով համաձյան չէ և կարծում է, որ ճգնաժամն առկա էր անկախ հայտարարությունից ու նամակից։ Լրագրողի դիտարկմանը, թե կարծես մի իրավաբան օրակարգ է թելադրում, և միայն նրա հայտարարությունից հետո խոսվեց այս ճգնաժամի մասին, Միրզոյանն ասաց, որ տարբեր գործիչներ ժամանակի այս կամ այն կտրվածքով հարցեր են բարձրացնում, որոնք ֆիքսում են եղած, բայց չնկատված ճգնաժամեր։

ԱԺ նախագահը կարծում է, որ խնդիրը պետականությանն է վերաբերում․ «Մենք ձեւավորել ենք առանձին ինստիտուտներ՝ առանձին լիազորություններով, եւ դրանցից ամենակարեւորներից մեկի նկատմամբ չկա հասարակական վստահություն, եւ այդ ինստիտուտը տարիներ շարոնակ եղել է հարցերը լղոզող կառույց։ Սա ճգնաժամ է՝ անկախ նրանից՝ օրվա իշխանության քիմքին ով է հաճելի, ով՝ ոչ»։

Միրզոյանն ասաց, որ խնդիրը Հրայր Թովմասյանին փոխելը չէ, եւ ո՛չ ԱԺ-ն, ո՛չ որեւէ այլ մեկը չունի այդպիսի իրավասություն եւ լիազորություն։ Ըստ ԱԺ նակագահի՝ խնդրի հանգուցալուծման համար պետք է բոլորն ավանդ ունենան, առաջին հերթին՝ Հրայր Թովմասյանը․ «Անգնահատելի կլինի Թովմասյանի ավանդը, և ես մեծ հույս ունեմ, որ պարոն Թովմասյանը իր ծանրակշիռ խոսքը կասի դեպի հանգուցալուծում»։

Հարցին՝ եթե Թովմասյանը հայատարարի, որ հեռանում է, ճգնաժամը կհանգուցալուծվի՞, Միրզոյանն ասաց, որ, ըստ էության՝ ոչ, քանի որ խոսքը ողջ ինստիտուտի մասին է, որն ավելին է, քան մեկ անձը։

Ասպրամ Փարսադանյան