Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2017-ի համեմատ 2018-ին պետական բյուջե հարկային եկամուտների գծով ներհոսքը՝ 193.9 մլրդ դրամ (22.1%) ավելի գումար է հավաքագրվել, այսինքն՝ հարկային մարմնի հավաքագրված գումարները կազմել են 1 տրիլիոն 68 մլրդ դրամ: Իսկ մաքսային մարմինը հավաքագրել է 335.3 մլրդ դրամ՝ 17.5 մլրդով ավելի գումար (աճը 5.5%): Հարկային և մաքսային ծառայությունների հավաքագրված գումարների պետական բյուջե մուտքը կազմել է 1 տրիլիոն 403 մլրդ, նախորդ տարվա համեմատ 211.4 մլրդ-ով կամ 17.9% ավելի: Ըստ այդմ, պետք է ենթադրել, որ չնայած բոլոր քննադատություններին՝ Փաշինյանի կառավարությունը հաջողացրել է տնտեսության դաշտում որոշակի հաջողություններ գրանցել:

Բյուջեի ավելցուկը հնարավորություն է տալիս կառավարությանը մանևրել զանազան ծրագրերի ֆինանսավորման, բիզնեսին աջակցելու հարցերում: Ընդամենը օրեր առաջ կառավարությունում քննարկում են շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հնարավորությունը: Կառավարության առաջարկի իմաստը կայանում է նրանում, որ տնտեսվարողները այդ գումարները, որոնք հետ ստանալու հույսը վաղուց են կորցրել, ներդնեն մեր տնտեսության մեջ: Սա, ըստ էության, ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է տնտեսության մեջ, ինչը լուրջ քայլ է կառավարության կողմից. նախկինում կառավարությունները երբեք նման քայլի չեն գնացել:

Մնում է, որ այս նախագիծը կյանքի կոչվի. այդ պարագայում կարող ենք խոսել տնտեսության առողջացման առաջին լուրջ նախանշանի մասին: Թալանի մեխանիզմը, որը գործել է նախկինում, և որը, ըստ էության, արգելակել է տնտեսական զարգացումը, այսօր արդեն իսկ դուրս է մղվում, հասկանալի է, որ դրա համար դեռ ժամանակ է անհրաժեշտ: Հայաստանի տնտեսությունը, ըստ պատասխանատուների, զարգանում է՝ առաջնահերթությունը տալով արտահանմանն ուղղված ծրագրերին: Կառավարությունը խթանում է նաև ներդրումային ծրագրերը, այստեղ սակայն լուրջ հաջողություններ դեռևս չեն գրանցվել, և դրա համար առկա են մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից շարունակում է բարձր լինել, և նաև դա է պատճառը, որ կառավարությունը ստիպված քայլեր է կատարում, որպեսզի փողը մնա Հայաստանում, տնտեսվարողը այն դուրս չբերի, դրան զուգահեռ քայլեր են կատարվում, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը կարողանա աշխատել կոռուպցիոն դրսևորումներից ազատ:

Իհարկե, հարց է առաջանում. եթե այս կառավարությունը կարողանում է այսօր որոշակի մեխանիզմներ մշակել՝ տնտեսության աճ ապահովելու համար, ուրեմն խնդիրը ոչ այնքան տնտեսական դաշտում էր, որքան քաղաքական: Տեղին է հիշել այն պնդումները, որ նախկինում բյուջեի առյուծի բաժինը նպատակային չի օգտագործվել, որ բյուջեն հիմնականում գնում էր իշխանավորների գրպանը, և այս տեսանկյունից դժվար է պատկերացնել, որ կարելի էր տնտեսության զարգացման համար նախադրյալներ ստեղծել: Եվ դա քաղաքական կամքի խնդիր էր: Փաշինյանին և իր կաբինետը կարելի է անվերջ քննադատել մի շարք առանցքային հարցերում, սակայն ակնհայտը չնկատել պարզապես չի կարելի: Տնտեսական հեղափոխությունից Հայաստանը դեռ շատ հեռու է, սակայն դրա կյանքի կոչման նախադրյալները ուրվագծվում են: