Խաչատուրյան քույրերը կարող էին հորը սպանած լինել գումարի պատճառով: Այս մասին, հղում անելով մահացած Միխայիլ Խաչատուրյանի փաստաբանին, տեղեկացնում է РБК-ն:

Փաստաբանը պնդում է, թե աղջիկները վախեցել են, որ հայրը իրենց կպատժի գումար ծախսելու համար, նաև ասում՝ քրեական գործի նյութերում կա նամակագրություն, որից պարզ է դառնում, որ Միխայիլ Խաչատուրյանը պատրաստվում էր ստուգել՝ որքան գումար են ծախսել աղջիկները, ստանալ քարտի քաղվածքը: Միխայիլը մեծ կարողության տեր էր և պատրաստվում էր մեքենա գնել դուստրերից մեկի՝ Կրիստինայի համար:

Տուժողի մյուս պաշտպանը՝ Գեորգի Չուգուաշվիլին, պատմել է, որ պատրաստվում են բողոքարկել կրտսեր աղջկա անմեղսունակության մասին եզրակացությունը:

«Մենք կպնդենք մեր դիրքորոշումը, որ նա ամեն ինչ գիտակցել է»,- ասել է նա:

Խաչատուրյան քույրերին ձերբակալել են 2018 թ.: Նրանց մեղադրում էին նախնական համաձայնությամբ իրականացված սպանության մեջ: Աղջիկները հայտարարել են, որ մի քանի տարի շարունակ հոր կողմից ենթարկվել են ֆիզիկական և սեռական բռնության, ծաղրանքի ենթարկվել: Օգոստոսին քննությամբ հաստատվեց, որ Միխայիլ Խաչատուրյանն իսկապես բռնի գործողություններ է կատարել նրանց նկատմամբ: