Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տալ այն օտարերկրացիներին, որոնց չափահաս զավակներն արդեն ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն: Այս մասին տեղեկացնում է «Российская газета» պարբերականը:
Պետդուման առաջին ընթերցմամբ քվեարկել է տվյալ օրինագծի օգտին:
Նիստի ժամանակ ՌԴ ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը տեղեկացրել է, որ ներկա դրությամբ օրենքը գործում է միայն չափահաս անձանց ոչ աշխատունակ ծնողների համար:
Զուբովը նշել է նաև, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո (դա տեղի կունենա օրենքի հրապարակումից 90 օր անց) հնարավորություն կտա միավորել ընտանիքները, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա ՌԴ աշխատաշուկայի վրա: Այս օրենքը, փոխնախարարի գնահատմամբ, հնարավորություն կտա ՌԴ-ին տարեկան 50 000-ով ավելի քաղաքացի ունենալու և, ինչպես փորձն է ցույց տալիս, նրանք փորձառու և որակավորված կադրեր կլինեն:
Այն հարցին, թե արդյոք օրենքի ընդունումից հետո օտարերկրյա ներգաղթյալները երեխաներ չեն ունենա Ռուսաստանում քաղաքացիություն ստանալու նպատակով, փոխնախարարը պատասխանել է, որ իրենք Ռուսաստանի դռները չեն բացում բոլոր նրանց առաջ, ովքեր ցանկանում են գալ, այլ այդ հարցին մոտենում են խիստ ընտրություն կատարելով:
Օրինագծում նշվում է, որ քաղաքացիության համար դիմած անձանց երեխաները պետք է լինեն չափահաս և աշխատունակ: