Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 18:00-ի սահմաններում Երևան քաղաքի Տերյան փողոցի 66 շենքի բնակիչ 18-ամյա Գոռ Սահակյանը, վարելով «Porsche Cayenne» մակնիշի՝ 99 ՕՕ 898 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ.-ի հատվածում բախվել է իր առջևով ընթացող՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ 51-ամյա Խաչիկ Առաքելյանի վարած՝ «ՎԱԶ 21-09» մակնիշի՝ 31 ՏՏ 397 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Porsche Cayenne»-ի հարվածի արդյունքում «09»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով Մասիսի հիվանդանոցի շտապ-օգնության բրիգադը «09»-ի վարորդ Խ. Առաքելյանին և նրա ուղևոր 51-ամյա Ռուզաննա Հակոբյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել է Մասիսի հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և 2-րդ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում էին նաև Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Պավել Եղիազարյանը, ով, իմանալով «Porsche»-ի վարորդի տվյալներն ու իր մոտ ունենալով վարորդի փաստաթղթերը, ստում էր, թե չունի վարորդի տվյալները, քանի որ վարորդին տեղափոխել են հիվանդանոց:
Սակայն հետո Գ. Շամշյանի ֆոտոխցիկը ֆիքսել է, թե ինչպես է նա թաքուն «Porsche Cayenne»-ի վարորդին կանչում՝ ինչ-որ թղթեր ստորագրելու:
Ավտոմեքենաները Ոստիկանության Մասիսի հատուկ պահպանվող տարածք տեղափոխվեցին վերամբարձ կռունկի և քարշակների օգնությամբ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի