ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր, նույն կուսակցության ավագանու համամասնական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառմանը, կարծիք հայտնեց, որ չարությամբ լցված մարդը որևէ բարի ու լուրջ գործ անելու ընդունակ չէ. «Խոսքի մեջ էլ երևում է չարությունը՝ իշխող քաղաքական ուժից վերցնենք քաղաքային իշխանությունը: Չի ասում՝ կգանք քաղաքում այս-այս ծրագրերն ու այս բարեփոխումները կանենք, այլ ընդամենը իշխանություն վերցնելու խնդիր է դնում Վարդան Օսկանյանը: Գոնե այս փուլում մենք տեսանք, որ ընդդիմադիր ուժերի միջև համագործակցությունը չի կայացել կամ չի կայանում, որովհետև համատեղ միասնական ցուցակով չկարողացան հանդես գալ»։
Հ. Սահակյանի կարծիքով՝ ժողովրդի շահը պետք է համահունչ լինի արտահայտած գաղափարներին. «Պետք է բարություն լինի, չարությամբ լցված մարդիկ ի վիճակի չեն բարի, որևէ լուրջ, մեծ գործեր անել, ուստի կցանկանայի և խորհուրդ կտայի Վարդան Օսկանյանին, որ իր գործողությունների մեջ նախևառաջ բարություն մտցնի»:
ՀՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ ինքը հանդուրժողական վերբերմունք ունի որովհետև առաջիկայում ընտրություններ են, և իրենք աշխատելու են չարության մթնոլորտը թուլացնել:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում առաջիկա ավագանիների ընտրություններին վերաբերող գրառում էր կատարել և, անդրադառնալով մի քանի կետերի, մասնավորապես նշել էր, որ «Բարգավաճ Հայաստանն» առանձին կամ քաղաքական այլ ուժերի հետ միասին քաղաքային իշխանությունը վերցնելու դեպքում քաղաքական համակարգում առաջին անգամ լրջագույն հակակշիռ կստեղծի իշխող կուսակցությանը, որից միանշանակորեն կշահի երկիրը, ժողովրդավարությունը և քաղաքացին: