Պաշտոնյաների առանձին և բանավոր խոստումներից զատ՝ վերջին երկու տարիների ընթացքում, կարծես, մոռացության է մատնվել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը: Դիցուք՝ թե ինչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը և ինչ ունենք արդյունքում:
Տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձեւավորվի ազատորեն, գործարար հմտությունների անաչառ մրցակցության՝ հովանավորչության բացառման պայմաններում: Սա նաեւ աղքատության հաղթահարման առանցքային պայման է, երբ գործարար հմտություններ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է բիզնես արդյունք ստեղծելու, ինքն իր եւ շրջապատի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ստանա հավասար, մրցակցային պայմաններում: Կարեւոր է ձեւավորել օրենսդրական եւ գործնական միջանցք Հայաստանում «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու իրական հնարավորություններ ձեւավորելու համար: Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը: Տնտեսական հեղափոխությանն այդպես էլ ականատես չեղանք, չստեղծվեց նաև մրցակցային դաշտ տնտեսական հատվածում, և արդյունքում սպառողները բախվում են նույն մոնոպոլիաների և մոնոպոլ գների հետ:
Ներքաղաքական ասպարեզում Հայաստանի առաջ ծառացած կարեւորագույն խնդիրը անշրջելի ժողովրդավարության հաստատումն է: Արդյունքում՝ ունենք մի իրավիճակ, երբ օրեցօր խորանում է այլակարծության դեմ պայքարը, իսկ քաղաքական ընդդիմախոսների դեմ տարվում է ամենակեղտոտ պատերազմը:
Քաղաքականությունը պետք է լինի հրապարակային. քաղաքական գործընթացների, դրանց բովանդակության ու մանրամասների վերաբերյալ հանրության առավելագույն իրազեկումը ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչ է, որն անհնար է իրագործել առանց խոսքի, մամուլի եւ համացանցի ազատության: Արդյունքում՝ ամեն բան այնքան հրապարակային և թափանցիկ էր, որ օրինակ՝ նախարարների աշխաավարձի բարձրացման մասին հանրությունը իմանում է պոստֆակտում:
Օրենքները դառնալու են անձնային, խմբային, հանրային հարաբերությունների կարգավորման նոր ավանդույթների ձեւավորման առանցք: ԱԺ ընտրություններից հետո ընդունված օրենքների մեծ մասը ծառայում են քաղաքական թիմի շահերին:
Անկախ դատական համակարգի առանցքային գործառույթը հասարակական-քաղաքական եւ տնտեսական մրցակցության, սեփականության եւ այլ իրավունքների պաշտպանությունն է: Դատական համակարգը գտնվում է տոտալ և բացահայտ քաղաքական պրեսինգի տակ:
Ղարաբաղի հարցի կարգավորման որեւէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության հարցի կարգավորման որեւէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված: Այս կետը կարելի է առանձնահատուկ կերպով տապալված համարել, այն պարզ պատճառով, որ ներկա պահին ՀՀ բանակցային դիրքերն առավել հեղհեղուկ են, քան մինչ հեղափոխությունը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի անվտանգության կարեւոր երաշխիք է. ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է շարունակվի մինչեւ համաշխարհային ճանաչում: Առավելագույնն ինչին հասել է այս հարցում կառավարությունը, դա Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի շուրջ ընթացող տարակուսելի գործընթացներն են:
Ապահովելու ենք հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, իրավահավասարության եւ ազգային շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը: Հայ-ռուսական հարաբերությունները երբևէ չեն եղել այսքան լարված:
Քայլեր ենք ձեռնարկելու Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լավագույնս կիրարկման ուղղությամբ, ԵՄ անդամ եւ եվրոպական տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության խորացման եւ պատմական կապերին նոր շունչ հաղորդելու ուղղությամբ: Հասնելու ենք ՀՀ քաղաքացիների համար ԵՄ տարածքում վիզային ռեժիմի ազատականացմանը: Վիզաների ազատականացման գործընթացը կարելի է ասել՝ սառեցված է:
Նպաստելու ենք աֆրիկյան պետությունների հետ համագործակցության զարգացմանը։ Սա, թերևս, իրականություն դարձած միակ խոստումն է, այն էլ շնորհիվ քաղավիացիայի կոմիտեի և Տաթևիկ Ռևազյանի անմարդկային «ջանքերի»:
Մշակելու ենք հայրենադարձության կազմակերպման ծրագրեր. զրո արդյունք այս հարցում: