Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի ու նրա ընտանիքի վերաբերյալ սոցցանցերում վիրավորական մեկնաբանություններ գրելու համար 11 մարդ է ձերբակալվել, հայտնում է ermenihaber-ը:
Որոշ դեպքերում հայհոյանքներ պարունակող վիրավորանքները գրվել էին հունիսի 30-ին «Twitter»ում Ալբայրաքի գրառման մեկնաբանությունների բաժնում։ Այդ գրառմամբ Ալբայրաքը տեղեկացրել էր իր 4-րդ երեխայի լույս աշխարհ գալու մասին։
Հաղորդվում է, որ հետաքննության շրջանակներում պարզվել է վիրավորանքներ գրած 19 օգտատերերի ինքնությունը, որոնցից 11-ին հաջողվել է ձերբակալել։
Տեղի ունեցածը դատապարտել են Թուրքիայի ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչները։
Կատարվածին հատուկ տեսաուղերձով անդրադարձել է նաև Էրդողանը՝ տեղեկացրելով. «Նման դեպքերը կանխելու համար Թուրքիայում սոցցանցերի գործունեությունը համակարգող իրավական նորմեր կմշակվեն»։