Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անցնող շաբաթվա ընթացքում սոցիալական ցանցերում տեղ գտած ամենաուշագրավ գրառումները:
Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թռավ Մամեդյարովի ունքահաստ թռչնակը, այնինչ այնպես էր գեղգեղում. «Կպատժենք Լապշինին օրենքի ամբողջ խստությամբ՝ Ղարաբաղում շրջելու համար»: Նրանք մտածում էին, թե ՀՀ Զինված ուժերի վրա հարձակումը նույնքան ուրախ ու անվտանգ գործ է, որքան իսրայելցի բլոգերին ալիևյան ինքնաթիռով Բաքու քարշ տալը: Նայում եմ հիմա այդ նույն հատուջոկատայիններին, ովքեր ինձ հետ տարբեր ձևերով կանգնած լուսանկարվում էին, կարդում եմ նույն այդ Մամեդյարովի հայտարարությունները ու հասկանում, որ նրանց համարձակությունը ներում է միայն անզեն բլոգերի վրա, այն էլ՝ ձեռնաշղթաներով կապկպված Իսկ այ մարտի դաշտում, նրանք, պարզվեց, շարքային վախկոտներ են, ովքեր 11 ընկերոջ դի թողնելով՝ նահանջել են Տավուշի ստրատեգիական բարձրություններից: Դա հայերին հնարավորություն է տվել վերահսկողություն սահմանել Բաքու-Թբիլիսի մայրուղու ու երկաթուղու վրա, և հարվածի տակ դնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Փառք հնագույն Ադրբեջանին, Լապշինին հաղթանակողին, հերոսներին փառք»:
Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիներից ընդամենը 8 հոգի է դիմել սահման մեկնելու համար, դրա մասին պաշտոնական հայտարարել է իրենց դեսպանը: Այն, ինչ պետք է իմանալ ադրբեջանի կողմից հնչեցվող «ժողովուրդը պատերազմ է ուզում» արտահայտության մասին: 10 միլիոնանոց երկրում՝ 8 հոգի»:
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին «գտնվեցին» գործիչներ, որ Սերժին հաճոյանալու համար ընտրեցին քաղաքական ինքնաոչնչացման, ինքնափչացման և ինքնասպանության ճանապարհը... Սովորաբար նման ուղի ընտրում են բանդիտները... այլևս կորցնելու ոչինչ չունենալով... միգուցե այս կատեգորիան «բուծվել է» շատ ավելի վաղ՝ Բաղրամյան 26-ի բարձր հովանու ներքո... Պարզապես այն ժամանակ, ունենալով բացարձակ իշխանություն և փող աշխատելու անսահմանափակ հնարավորություն, նրանք ավելորդ ձևականությունների հետևից ընկնելու հավես և առաջադրանք չունեին...
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չորս տարի է՝ տղերքը չկան: Տղերքին սպանեցին և ցանկանում էին սպանության վայրում խրախճանք անել: Տղերքը դիրք էին պահում, մեր բոլորի կողմից իրենց վստահված դիրքը, և կյանքի գնով պահեցին դա:Մարդասպաններին փորձեցին հերոսացնել, բայց չստացվեց: Մեր մեջի ազնիվը դուրս մղեց մարդասպանին: Այդպիսինն է հայը. որքան էլ դրսից հովանավորեն, որքան էլ գրանտեր բաժանեն, միևնույն է՝ մարդասպան չսիրող ազգ ենք»:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծամորի ատոմակայանը խոցելու մասին պաշտոնական հայտարարությունից արդեն պարզ է դառնում, թե ցինիկ շան որդին ինչ հոգեկան անհավասարակշիռ վիճակում է ու ինչպես է ձախողել բոլոր պլանները։Մինչև հիմա Մեծամորի ատոմակայանի մասին տարբեր կալիբրի զինվորականների բերանով էր հայտարարություններ տարածում, հիմա քանի որ հունից դուրս է եկել ու երբեմնի ցինիկ ծիծաղը վերացել է դեմքի վրայից, բռնել հրաման է տվել ու առանց հասկանալու ահաբեկչական գործողության մասին են նախազգուշացրել»։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հիմա խոսքերն ավելորդ են, ավելորդ են նաև պաթոսը, կասկածն ու վախը։ Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին և օպերատիվ արձագանքենք պետության կարիքներին։
Հետո իհարկե կարելի է խոսել։ Կարելի է ու պետք է խոսել, թե ինչու պատերազմը սկսվեց Տավուշում, ինչու առաջին անգամ Ադրբեջանը հանդգնեց այս ուժգնության ռազմական ագրեսիայի դիմել հայ-ադրբեջանական սահմանին, ինչու ՀԱՊԿ-ը կրկին կրավորական կեցվածք ընդունեց, ինչու ապրիլյանի ժամանակ ադրբեջանական դեզինֆորմացիա տարածողները՝ «հայրենասերի» դիմակ հագած, բոլորովին այլ' վտանգավոր խաղ սկսեցին։ Պետք է հասկանանք, թե այդ ինչպես են մեր զինվորների տվյալները հասանելի, իսկ պետական առցանց ռեսուրսները խոցելի դարձել թշնամու համար, ինչու է Նիկոլ Փաշինյանը թշնամու լայնածավալ հարձակումը «ռազմական միջադեպ» որակում, իսկ նրա կինը հերթական խաղաղասիրական նախաձեռնությամբ մեջ ընկնում՝ կանխատեսելի վերջաբանով։ Սրանք ուղղակի հարցեր չեն, այլ գոյաբանական խնդիրներ, որոնց պատասխաններից է կախված մեր պետության ապագան։
Այս հարցերը տալու և պատասխանները ստանալու ժամանակը կգա։ Հիմա այդ պահը չէ։ Հիմա կենաց ու մահու պայքար է։ Ու մեզ մնում է միայն աղոթել մեր զորքի համար՝ ամուր պահելով թիկունքը և ոգին։
Նահանջի տեղ չկա։
Հ.Գ. Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին։ Նրանց գործն արդար է»։