Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու խնդրագիր է ստեղծել:
Քաղաքական գործիչը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «խնդրագիրը ստորագրել է 126 176 մարդ: Ստորագրահավաքը պաշտոնապես ավարտվել է: Սա այն մարդկանց ձայնն է, որոնք ցանկանում են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել միջազգային դատարանում»:
Թոմաշ Լեխ Բուչեկի հավաստմամբ՝ այս խնդրագիրը ստեղծվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի վրա:
Նա հավաքել է Արցախում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների մասին փաստեր: Ընդհանուր առմամբ, 40 էջանոց փաստաթուղթը, որը կհրապարակվի 1000 կամ 2000 օրինակով՝ կախված հավաքված միջոցներից, կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու քաղաքական գործիչներին:
Լեհ քաղաքական գործիչն ընդգծել է, որ իր աշխատանքը նվիրվում է Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին՝ պահանջելով ազատ արձակել նրանց: