«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շատ դրական քայլ է համարում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված հայ զինծառայողի վերադարձը և վերաթարմացնում է իր՝ նախկինում արած առաջարկը' բոլոր հայ գերիների վերադարձի դիմաց որդուն' Աշոտ Փաշինյանին պատանդի կարգավիճակով հանձնել Ադրբեջանին: Փաշինյանն այս մասին խոսել է Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը:

«Գիտեք, որ երեկ մեր զինվորներից մեկը մոլորվել էր և հայտնվել էր ադրբեջանական կողմում: Այս գիշեր զինվորը վերադարձվել է, և ես սա շատ դրական քայլ եմ համարում և շատ կարևոր եմ համարում ընդհանարապես տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առումով»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով որդուն' Աշոտ Փաշինյանին Ադրբեջանին հանձնելու բոլոր գերիների վերադարձի դիմաց հունիսի 8-ին արած իր առաջարկին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտնել է, որ հանձնարարել է համապատասխան մարմիններին պաշտոնապես փոխանցել ադրբեջանական կողմին իր առաջարկը:

«Ուզում են ճիշտ հասկանաք, հանկարծ չմտածեք, թե սա միակ ուղղությունն է և գործիքն է և հուսահատ քայլ է մեր գերիների խնդիրը լուծելու համար: Ուզում եմ բոլորդ իմանաք, որ այս ընթացքում շատ-շատ ինտենսիվ աշխատանք է արվում մի քանի ուղղություններով»,- եզրափակել է Փաշինյանը: