Այսօր առավոտյան երեխայիս աչքի առաջից ադրբեջանցիները մեր 3 անասունները տարան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Խնածախ գյուղի բնակիչ Նվեր Հակոբջանյանը:

«Առավոտյան կենդանիներին տարել եմ դաշտ, դրանք էլ մտել են ադրբեջանցիների տարածք, վերջիններս էլ տարել են 3 անասուն: Իմ ու երեխայիս հանդեպ իրենց լավ են դրսևորել, բան չեն ասել»,- ասաց հովիվը:

Նա նշեց, որ Տեղ համայնքի ղեկավարի՝ Ներսես Շադունցի շնորհիվ անասունները վերադարձվեցին. «Պրն Շադունցը միջնորդեց ու վերադարձրեցին անասունները: Ընդամենը 20 րոպե է տևել, որ իրենց տարածքում են եղել»,- նշեց Նվեր Հակոբջանյանը:

Մեր այն հարցին, թե նորից շարունակելու է անասունները այդ դաշտը տանել, նա պատասխանեց, որ Ներսես Շադունցը իրենց նոր տարածք է հատկացրել, որտեղ էլ այսուհետ կարածեցնեն: