Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ 33-ամյա Կարեն Պողոսյանը, որը հուլիսի 21-ից ոստիկանության կողմից հետախուզման մեջ էր գտնվում, երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ներկայացել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն և տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հաստատեց տեղեկությունը․ «Եթե ասում են՝ ուրեմն ճիշտ ա։ Գործը տվել են Վերաքննիչ, էնտեղից կանչել են, գնացել, ներկայացել է»,-ասաց նա։
Թե ինչո՞ւ այս ամիսների ընթացքում որդին չի ներկայացել քննող մարմին և միայն հիմա է որոշել ներկայանալ՝ մարզպետն ասաց՝ չգիտի․ «Ես չեմ զբաղվել այդ հարցերով։ Եղել է դատապաշտպան, ինքն է զբաղվել»,- նշեց նա։
Ճշտող հարցին՝ հետախուզման մեջ գտնվող որդին այդ ընթացքում տա՞նն է եղել՝ Պողոսյանն ասաց․ «Իրենցից հարցրեք, կասեն էլի»։ Դիտարկմանը՝ ինչպե՞ս կարող է տեղեկություն չունենալ որդուց, մարզպետն ասաց․ «Տեղյակ չեմ, եկել ա, գնացել ա, ես ի՞նչ իմանամ։ Մեր տունը Գորիսում ա, իմ աշխատանքը՝ Կապան»,- նշեց մարզպետը։
Ինչ վերաբերում է միջադեպին, որին ենթադրաբար մասնակցություն է ունեցել որդին, ապա մարզպետն ասաց․ «Քննությունը կպարզի ինքը մեղավոր է, թե ոչ։ Եթե մեղավոր է՝ թող իր պատիժը կրի, ինչ ասեմ։ Ես կարծում եմ, որ բողոք չկա, խնդիր չկա, ինչքան գիտեմ՝ էդպես ա»,- ասաց Մելիքսեթ Պողոսյանը։
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ 2021թվականի հուլիսի 13-ին Գորիս քաղաքում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել Կարեն Պողոսյանին, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է: Նա մինչև երեկ հետախուզման մեջ էր:
Միջադեպը տեղի էր ունեցել Սյունիքի գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջև։
Նշենք, որ կրակոցների արդյունքում կային տուժածներ։
Սոնա Հարությունյան