2020թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված էր ծառայողական մեքենաները կրճատել 153-ով։ Արդյունքում՝ դրանց թիվը 867-ից պիտի դառնար 714։ Ամեն ինչ շատ պարզ էր թվում. տեղի էր ունեցել պետական կառավարման մարմինների, մասնավորապես՝ նախարարությունների և այլ գերատեսչությունների միավորում, ինչը պիտի հանգեցներ ծառայողական մեքենաների կրճատման։ 2021թ. պետական բյուջեի նախագծին կցված հավելվածը վկայում է, որ 2020թ. պետական մարմիններն ունեցել են 924 ծառայողական մեքենա։ Այն դեպքում, երբ նախատեսված էր, որ դրանց թիվը կկրճատվի 153-ով և 867-ից կդառնա 714։ Դատելով ներկայացված փաստաթղթից՝ 2020թ. ծառայողական մեքենաները ոչ միայն չեն կրճատվել, այլև 2019թ. համեմատ ավելացել են 57-ով։

Այս տարի ծառայողական մեքենաները կրճատվել են ընդամենը 1-ով` 924-ից դառնալով 923-ը։ Այսօրվա դրությամբ ՀՀ ԱԺ-ում առկա  է 66 ծառայողական ավտոմեքենա, ՊԵԿ-ում՝ 150, վարչապետի աշխատակազմում՝ 46, ԱԱԾ-ում` 43. շրջակա միջավայրի նախարարությունում՝ 13, առողջապահության նախարարությունում՝  8, ՊՎԾ-ում՝ 3, սոցապում՝ 27, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ 52, կադաստրի կոմիտեում՝ 20, ֆինանսների նախարարությունում՝ 4: Կտրուկ ավելացել է Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ծառայողական մեքենաների քանակը։ Նախորդ տարի դրանք 7-ն էին, այժմ՝ 28-ը։ Այսինքն՝ ավելացվել են ևս 21-ով։ Լուրջ համալրում է ստացել նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմի ավտոպարկը։ Այն ավելի քան կրկնապատկվել է։ Եթե նախորդ տարի այս կառույցն ուներ 15 ծառայողական ավտոմեքենա, ապա այս տարի դրանց թիվը հասել է 32-ի։ 8-ով ավելացել է նաև Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ավտոպարկը՝ 11-ից դառնալով 19։

Բացի դրանից, Երևանի քաղաքապետարանը 9.9 մլն դրամ է հատկացրել Դավթաշեն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավարի՝ Միքայել Թումասյանի համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով: Կառավարության որոշմամբ` քաղաքաշինության կոմիտեին է ամրակցվել 5370000 դրամ արժողությամբ HYUNDAI SONATA  ավտոմեքենան:

Իսկ ի՞նչ վիճակ է մարզերում: Գյումրու քաղաքապետարանին ամրակցված է 6 ավտոմեքենա, Շիրակի մարզպետարանում՝ 6, Տավուշի մարզպետարանում՝ 3, Գեղարքունիքի մարզպետարանում՝ 4:  Ի դեպ, հղումներում առկա 2014 թվականի արտադրության «Տոյոտա Քէմրիի» միջին շուկայական գինը 17 հազար դոլար է: 2013 թվականի արտադրության «Նիսան Սենտրայի» միջին շուկայական գինը 9000 դոլար է: Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին սպասարկող «Toyota Prado»-ի շուկայական գինը կազմում է 46 հազար դոլար:

Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանին սպասարկող  2010 թվականի «Toyota Land Cruiser»-ի միջին շուկայական գինը 67 հազար ԱՄՆ դոլար էր:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ իշխանությունների ստորև տրված խոստումները և հավաստիացումները և ձևակերպումները որևէ արժեք չունեն, և ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող երկրում պետական այրերը առաջնային մտածում են ոչ թե հպարտ քաղաքացիների, այլ սեփական կոմֆորտի մասին: