Ամերիկյան հետախուզական HOMER79 ինքնաթիռը, Սև ծովի երկայնքով ուղևորություն կատարելով՝ շարժվել է դեպի հայ_ադրբեջանական սահման, հաղորդում է РИА Новости-ն՝ PlaneRadar պորտալին հղումով։ Ինքնաթիռը մինչ այդ հետախուզական թռիչք էր կատարել Ղրիմի ափերի մոտ։

Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի 38-րդ RS/55-րդ WG ինքնաթիռը՝ Boeing RC-135V Rivet Joint-ը, երկինք է բարձրացել Կրետե կղզու բազայից՝ հետախուզելով իրավիճակը Սև ծովի տարածքում։ Ռուսական սևծովյան սահմանի մոտ թռիչքից հետո նա հետախուզական թռիչք է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանով, այնուհետ հատել Վրաստանի օդային սահմանը։

Լրատվամիջոցները նախօրեին տեղեկություն էին տարածել, որ դեկտեմբերի 3-ին ուղևորատար ինքնաթիռը, որը շարժվել է Թել Ավիվ-Մոսկվա երթուղով, ստիպված է եղել փոխել ուղղությունը Սև ծովի վրայով՝ ամերիկյան հետախուզական ինքնաթիռի հետ վտանգավոր հպումից խուսափելու համար։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հաստատել է օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։