Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայի Խերսոն քաղաքում։ Լուրը հաստատել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը, հաղորդում է Ազատությունը։
Զոհվածը Ուկրաինայի քաղաքացի Վահիկ Սողոմոնյանն է, այլ մանրամասները ճշտվում են:
Ալեքսանյանի խոսքով՝ հիմա շատ ծանր վիճակ է Մարիոպոլում, Խերսոնում, որտեղից դուրս գալն այս պահին բարդ է։ Խարկովից արդեն իսկ հասցրել են դուրս գալ մի քանի հայկական խմբեր։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի փոխանցմամբ՝ մի մասը շարժվում է Դնեպրի աջ ափ, Ռումինիայի հետ սահման։ Սակայն Ուկրաինայում ապրող հայերի մի զգալի մասը, հայրենադարձության հարցերով պատասխանատուի փոխանցմամբ, դեռ տեղաշարժվել չեն կարողանում՝ անվտանգությունից ելնելով։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում վիրավորների մասին հաստատված տեղեկատվություն չունեն, սակայն տեղյակ են, որ գույքային մեծ վնաս է արդեն կրել Ուկրաինայի հայ համայնքը՝ հատկապես Դոնբասում։