Այսօր ԱԺ-ում հյուրընկալած ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը փորձում էր պատգամավորներին և հանրությանը բացատրել, թե ինչու իր ղեկավարած կառույցը ոչինչ չի անում արտարժույթի շուկայում ստեղծված քաոսին վերջ տալու համար: Մարտին Գալստյանի պնդմամբ՝ եթե ԿԲ-ն իր մանդատին դեմ գնա, շուկա մտնի ու դրամն արհեստականորեն արժեզրկի, ապա Հայաստանը կբախվի գնաճի ևս մեկ ալիքի, ինչը բնակչության վրա ծանր կնստի։ Դրա հետ մեկտեղ ԿԲ նախագահը անկեղծորեն հայտարարում է, որ մոտակա ամիսներին գնաճը շարունակվելու է:

Այսինքն՝ ԿԲ-ն ոչինչ չի անում, որպեսզի էլ ավելի մեծ գնաճ չունենանք և քաղաքացիները խնդիրների չբախվեն, արդյունքում դոլարի կուրսի արժեզրկումից տուժում են տնտեսության մի քանի առանցքային սեկտորներ, իսկ ինքը' Գալստյանը, հայտարարում է, որ գնաճը մեկ է շարունակվելու է: Ստացվում է՝ ԿԲ նախագահը ընդունում է, որ իր այս քաղաքականությունը ձախողվել է, սակայն համառորեն շարունակում է հարվածել տնտեսությանը, որը առանց այդ էլ գտնվում է բավական ծանր վիճակում:

Գալստյանը հայտարարում է, որ կան սեկտորներ, որոնք ստեղծված իրավիճակում տուժում են կամ որոշակիորեն մրցունակության անկում ունեն, այդ սեկտորներին պետք է տրվի օժանդակություն: Դա կարող է լինել կառավարության կողմից որոշակի քաղաքականության ներքո: Այսինքն՝ ԿԲ-ն չի պատրաստվում ոչինչ անել, որդեգրելու է կողմնակի դիտորդի դերը, իսկ կառավարությունը թող փրկի Մարտին Գալստյանի սխալ հաշվարկների արդյունքում սնանկացման եզրին հայտնված արտահանողներին:

Ի՞նչ է սա, եթե ոչ ինքնախոստովանություն, որ պաշտոնյայի կողմից իրականացվող քաղաքականությունը արդյունավետ չէ, նույնիսկ վնասաբեր է, սակայն նա համառորեն շարունակում է այդ քաղաքականությունը: Տպավորություն է ստեղծվում, որ գերխնդիրը հենց տնտեսությանը հնարավորինս հուժկու հարված հասցնելն է, որովհետև այն խնդիրը որն իր առաջ դրել է Մարտին Գալստյանը՝ տապալել է և ինքն էլ այդ հանգամանքը հրապարակավ ընդունում է...