Apple-ը սկսել է iPhone 15 սմարթֆոնների շարքի մշակումը, որը նախատեսվում է թողարկել 2023 թվականին։ Այս մասին հայտնում է Gadget Tendency պորտալը։ Ապագա գաջեթների հիմնական առանձնահատկությունը կլինի Lightning միակցիչի փոխարինումը USB-C-ով։

Եվրոպական միության նոր կանոնակարգերի համաձայն՝ ԵՄ-ում վաճառվող բոլոր բջջային հեռախոսները մինչև 2024 թվականը պետք է ունենան USB-C միակցիչ։ Այսպիսով, մինչ օրենքն ուժի մեջ մտնելը, Apple-ը կթողարկի սմարթֆոնների շարք, որը կհամապատասխանի բոլոր պահանջներին։

USB-C-ն ստանդարտ միակցիչ է ժամանակակից անհատական սարքերի համար։ Այն ապահովում է տվյալների ավելի արագ փոխանցում և գաջեթների վերալիցքավորում, քան Lightning-ը:

Հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն նախկինում նույնպես վստահություն էր հայտնել, որ Apple-ը USB-C-ով iPhone կթողարկի արդեն 2023 թվականին։ Բացի այդ, Կուոն վստահ է, որ AirPods-ը նույնպես նոր միակցիչ կունենա։ Հայտնի է, որ ամերիկյան ընկերությունն արդեն թողարկում է USB-C-ով iPad պլանշետներ։