Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը Սպիտակի երկրաշարժից շատ ավելի ուժեղ է եղել։ Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել է ՌԴ ԳԱ երկրաշարժերի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պետր Շեբալինը՝ հավելելով, որ Թուրքիայի և Սիրիայի տարածաշրջանում մի քանի օր կամ նույնիսկ շաբաթներ կկրկնվեն մոտ 6 բալ ուժգնությամբ երկրաշարժեր։
«Հավանականության բարձր աստիճանով մեծ մագնիտուդով երկրաշարժերը՝ մոտ 6 բալ ուժգնությամբ, կկրկնվեն մի քանի օր, գուցե նույնիսկ մի քանի շաբաթ»,- ասել է Շեբալինը։ Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգում ժամը 04:17-ին 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որից հետո գրանցվել է ավելի քան 30 հետցնցում։
Վերջին տվյալներով՝ զոհվել է 1014 մարդ, ավերվել է 2824 շինություն։ 7,7 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը գրանցվել է Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Երևանի ժամանակով ժամը 14:24-ին, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, որտեղ ավելի քան 300 մարդ է զոհվել։ Ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ հանրապետությունում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի, տուժել է 1042 մարդ։