Ուկրաինան Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին ուղարկել է իր հայրենիք՝ Վրաստանում իրավիճակը ապակայունացնելու և երկիրը ռազմական գործողությունների մեջ ներքաշելու համար։ Այս մասին կիրակի օրը IMEDI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Ուկրաինայում պատերազմի մեկնարկը սպասվում էր դեռևս 2021 թվականի նոյեմբերին, առավելագույնը՝ դեկտեմբերին։ Մենք այդ մասին տեղեկություն ունեինք։ Ե՞րբ Սահակաշվիլին ժամանեց Վրաստան։ Հոկտեմբերի 1-ին։ Սահակաշվիլիին ուղարկեցին կազմակերպված ձևով։ Հիմնական նպատակն այստեղ հեղաշրջում կազմակերպելն էր և ճիշտ ժամանակին երկրներին պատերազմի մեջ ընդգրկելը: Մենք այսօր դրանում կասկած չունենք»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ «Ուկրաինայի համար, հավանաբար, մի տեսակ թեթևացում կլիներ, եթե Ռուսաստանը իր ուշադրությունը տեղափոխեր» Վրաստանի վրա։ Ըստ Ղարիբաշվիլիի, եթե Սահակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը լիներ իշխանության ղեկին, Վրաստանը «կվերածվեր մարզադաշտի», և երկիրը կդառնար «երկրորդ Մարիուպոլը»։ Այսպիսով, Ուկրաինան «ժամանակ կշահեր», եզրափակել է վարչապետը։
Վրաստանում Սաակաշվիլիի դեմ չորս քրեական գործ է հարուցվել։ Նրանցից երկուսի համաձայն՝ քաղաքական գործիչը հեռակա կարգով դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման։ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Սահակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար։ Նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։