Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը լրագրողներին ասել է, որ Ուկրաինան գրավոր հավաստիացրել է Միացյալ Նահանգներին, որ չի օգտագործի կասետային զինամթերք Ռուսաստանի տարածքում, գրում են միջազգայիչն ԶԼՄ-ները։

Հայտարարությունը հնչել է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Կիևին կասետային զինամթերք մատակարարելու որոշման վերաբերյալ որոշ դեմոկրատ օրենսդիրների կողմից արտահայտված մտահոգությունների ֆոնին:

Կիրակի օրը դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը և կոնգրեսական Բարբարա Լին կասկածներ են հայտնել որոշման վերաբերյալ՝ ասելով, որ այն կարող է խրախուսել այլ երկրներին շրջանցել նշված զինամթերքն արգելող միջազգային կոնվենցիան:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Միացյալ Նահանգները հայտարարեց, որ Կիևին կասետային զինամթերք կմատակարարի՝ որպես անվտանգության նոր 800 միլիոն դոլար արժողությամբ փաթեթի մաս: Կասետային զինամթերքն արգելված է ավելի քան 100 երկրներում։ ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը չեն ստորագրել կասետային զինամթերքի մասին կոնվենցիան, որն արգելում է այդ զենքի արտադրությունը, պահեստավորումը, օգտագործումն ու փոխանցումը։

«Դա կարող է կանաչ լույս վառել այլ երկրների համար»,- Fox-ին ասել է Թիմ Քեյնը։