Առնվազն 99 մարդ է մահացել Հավայան կղզիներում լայնածավալ անտառային հրդեհների հետևանքով, հարյուրավորները համարվում են անհետ կորած։ Որոնողական խմբերն ուսումնասիրել են աղետի տարածքի միայն 25%-ը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Պաշտոնյաները հրաժարվել են հայտնել անհայտ կորածների ստույգ թիվը, նրանց որոնումները շարունակվում են։ Հանգստյան օրերին որոնողափրկարարական խմբերը նախատեսում են ուսումնասիրել աղետի հետևանքով այրված տարածքի 85%-90%-ը:

Օգոստոսի 14-ի դրությամբ անհայտ կորածների տվյալների բազայում կա մոտ 1130 մարդու անուն։

Նշվում է, որ հրդեհն արդեն ավերել կամ վնասել է ավելի քան 2200 շինություն, որոնցից 86%-ը եղել են բնակելի։ Պատճառված վնասի չափը կազմում է մոտ 5,5 մլրդ դոլար։