Սեպտեմբերի 12-ին հրազենային մահացու վիրավորում ստացած Ալեքս Ավանեսյանն ընտանիքի միակ զավակն էր։ Ապրում էր Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում՝ մայրիկի ու տատիկի հետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց համայնքի վարչական ղեկավար Արեն Շահբազյանը։

«Ասում են, որ շատ ակտիվ ու լավ տղա է եղել։ Նրան անձնապես չեմ ճանաչել։ Նոր Հաճնում է միջնակարգ դպրոցն ավարտել, կարծեմ՝ ծրագրավորում էր սովորում։ Այս տարվա հուլիսին՝ 20 տարեկանում զորակոչվել է բանակ»,- պատմեց մեր զրուցակիցը։

Շահբազյանի խոսքով՝ տղայի ընտանիքի անդամները տեղացիներ չեն։ Այստեղ եկել են 90-ականներին՝ Բաքվից։

«Բնակվում են գյուղի վարչական տարածքում, բայց գյուղից դուրս՝ ավելի մոտ Նոր Հաճնին։ Իրենք գյուղի բնակիչների հետ որևէ շփում չունեն, որովհետև գյուղը փոսի մեջ է, իսկ իրենք ձորի վերևում էին բնակվում»,- ասաց նա։

Շահբազյանի խոսքով՝ տղան հայր չի ունեցել։ Տարիներ շարունակ նրա մասին որևէ տեղեկություն չի եղել։

«Երեխան մի քանի ամսական է եղել, որ հայրն անհետ կորել է։ Իրենք երեքով էին ապրում։ Այստեղ բարեկամներ ևս չունեն»,- մանրամասնեց նա՝ հայտնելով, որ ընտանիքը սոցիալապես անապահով է։

Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդել էր, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 19։50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի՝ ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված կրակային դիրքին հարակից տարածքում գտնվող խրամաբջիջներից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, շարքային Ալեքս Սուրենի Ավանեսյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։

Կողքին հայտնաբերվել է վերջինիս ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը։

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից՝ նախնական տվյալներով տեղի է ունեցել ինքնասպանություն՝ իրեն ամրակցված գնդացրով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։