Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այն համոզմանն է, որ Ադրբեջանի գործողությունները հետին պլան են մղում խաղաղության ամբողջ գործընթացը։

Պատգամավորը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին՝ եթե Բրյուսելում հաջողվի եռակողմ հանդիպում կազմակերպել Ադրբեջանի հետ, Հայաստանն ի՞նչ օրակարգով պետք է գնա այդ հանդիպմանը:

«Հայաստանի համար արտաքին քաղաքականությունն այն ուղղություններից մեկն է, որ երաշխիք է ձևավորում մեր անվտանգության համար: Բացառապես Հայաստանի շահերից ելնելով՝ պետք է գնալ այդպիսի հանդիպումների: Իսկ այսօրվա վիճակը՝ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, խաղաղության պայմանագրում (խմբ.-խաղաղության պայմանագրի նախագիծ) գործուն կետերի բացակայությունը, Արցախի հարցի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը, հանցավոր կերպով ցեղասպանության իրականացումը, կարծես թե, որոշ չափով հետին պլան են գցում այսօրվա խաղաղության ամբողջ գործընթացը և բերում այն եզրակացության, որ Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացը Հայաստանի համար որոշակի խաբկանք է հանդիսանում»,-ասաց Օհանյանը:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը կարծում է, որ Հայաստանը պետք է բոլոր հարթակներն օգտագործի որոշակի հաջողություններ ունենալու համար: Միևնույն ժամանակ, Օհանյանը շեշտում է՝ Հայաստանը պետք է մասնակցի բացառապես այնպիսի գործողությունների այնպիսի հարթակներում, որտեղ Հայաստանի շահերն առաջ կտարվեն։

Ադրբեջանը վերջին շրջանում խուսափել է մասնակցել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասնակցելուց՝ չնայած այն հանգամանքին, որ մի շարք պայմանավորվածություններ ձեռք են բերվել հենց ԵՄ-ի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում։ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը փետրվարի 8-ին X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով և ողջունել է Բրյուսելում եռակողմ բանակցությունների մասնակցելու Բաքվի հանձնառությունը։