Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ն, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Միևնույն ժամանակ ցավով ենք նշում, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում բարեկամ հայ ժողովրդի շահերին և երկրի անվտանգության ապահովման խնդիրներին։ Հուսով ենք, որ Երևանը կհասկանա, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն հանգիստ, վստահելի երկխոսության միջոցով, այլ ոչ թե դրանք հանրային տարածքում բարձրաձայնելով»,- հայտարարել է նախարարությունը։
Ընդգծվել է, որ Ռուսաստանը «կտրականապես չի ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2021 և 2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորությունները իբր չկատարելու վերաբերյալ»։
«Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել է կազմակերպության քարտուղարության և միացյալ շտաբի գնահատման առաքելություն, որն ուղարկվել է երկրի սահմանամերձ շրջաններ։ Արդյունքների հիման վրա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պատրաստվել է որոշում Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ։ Մեր մեղքով կամ կազմակերպության մյուս անդամների մեղքով չէ, որ այս հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր նաև հանրապետությանը ռազմատեխնիկական օգնություն և մի շարք այլ միջոցներ, մերժվեց նրա իշխանությունների կողմից՝ հեռահար պատրվակներով։ Ավելին՝ դրա դիմաց Երևանը ցուցադրաբար նախընտրեց հրավիրել ԵՄ-ից կեղծ դիտորդների. հայտնի փաստերն իրենք են խոսում և կասկած չեն թողնում նրանց աշխատանքի զրոյական արդյունավետության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։