ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հավատում 1915 թ. Հայոց Ցեղասպանության պատմական փաստերին ու վստահ չէ, որ իրապես 1 ու կես միլիոն հայ է մորթվել, խոշտանգվել ու սպանվել Արեւմտյան Հայստանում։ Փաշինյանն իր վերդիկտն ունի, փաստորեն, որը ուզում է նորից  խոշտանգված հայերի անձնական տվյալները գտնել, կարդալ հաշվել ու համոզվել։ Նրան չեն բավարարում պատմական փաստերը, ահռելի ծավալով առկա գիտական աշխատություններն ու վկայությունները։
Այս վտանգավոր ու աբսուրդային հայտարարության հեղինակը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, իշխանական պատգամավորը պատմական փաստերը ժխտելու Հայաստանի գործող իշխանության նոր մտադրության մասին անկեղծացել է  երեկ՝ Ազատությանը տված հարցազրույցում:

 

«Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաեւ ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը»,- ասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

 
 

«Պա՞րզ ա չէ, երբ որ ասում ենք միլիոն ու կես հայ է կոտորվել, պետք է միլիոն ու կես ազգանուն ինչ-որ արխիվներում մենք կարողանանք հանել, գտնել եւ Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի այդ ազգանուններով: 

Ունենք ցեղասապանության թանգարան, ամեն ինչ ունենք ցեղասպանության հետ կապված՝ գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց ամենակարեւորը պետք է ունենալ այդ միլիոն ու կեսի ազգանունները, այս խնդիրը տասնյակ տարի չենք լուծել»,- ասել է իշխանական պատգամավորը։
Այս սկանդալային հարցազրույցին սոցցանցերում արդեն բուռն արձագանքում են քաղաքական եւ հանրային գործիչները, ԼՈՒՐԵՐ.com-ը կներկայացնի նաեւ պատմաբանների տեսակետը` արդյո՞ք փորձ է արվում ժխտել պետական մակարդակով Հայոց  Ցեղասպանության փաստերն ու հարյուրավոր տարիներով վարվող Ցեղասպանթյան ճանաչման եւ պահանջատիրության գործընթացը կասեցնել։
Այս  քաղաքականությունը փոխելու կամ խմբագրելու մտադրությունների մասին մեկնաբանությունները սկիզբ առան վերջերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց , որ  ՀՀ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն է տեսնում։