«Բոլոր ժամանակներում ուրացողին՝ ծնողական, ընկերական, թե աստվածային հարաբերություններում, լավ չեմ վերաբերվել։ Նման մարդու մասին ինչ ասեմ»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի երբեմնի ամենահավատարիմ ընկեր Սասուն Միքայելյանի հարցազրույցին՝ հարկ չհամարելով անգամ մանրամասնել, թե ինչ է մտածում գեներալը՝ երբեմնի զինակից ու ներկայիս ԵԿՄ նախագահ Սասուն Միքայլեյանի մասին, ով ժամանակին 2018-ի հեղափոխության հաղթանակը գերադասել էր Արցախյանից ու երեկ հերթական հարցազրույցում Փաշինյանի պարտության մեղավոր է ճանաչել բոլորին՝ իրենց քաղաքական թիմից բացի․ «Սպարապետի գլխավորությամբ կարողացանք համախմբվել և տանել հաղթանակ: Բայց էլի մեր խելքից, մեր նենգությունից, մեր նախանձից, մեր ներքին դավաճանությունից չկարողացանք պահել այն, պաշտպանել»,- ասել է Սասուն Միքայելյանը:
«Ինձ արդեն ոչ մի բան հետաքրքիր չէ, եթե չկա իմ հայրենիքը։ Եթե որևիցե մեկի արտահատություններն ինձ համար օգտակար չեն, ես չեմ լսում դրանք։ Բոլոր հայտարարություններին արձագանքել եմ ժամանակին՝ հասկանողը հասկանում է, չհասկացողը չի հասկանում»,- նշեց Մովսես Հակոբյանը։
ԵԿՄ վարչության նախագահ ՔՊ-ական Սասուն Միքայելյանը, 2018թ. իշխանափոխության մասին խոսելով՝ ասել է, թե Փաշինյանի հետ 2018-ին արած իրենց հեղափոխությունն ավելի կարևոր է, քան արցախյան ազատամարտը։ Մովսես Հակոբյանն արձագանքելով Սասուն Միքայելյանի խոսքերին ասաց, որ դրանց վրա զարմանալ պետք չէ․ «Ճիշտ է ասել, որ հեղափոխության նպատակը հասկանաք, կիմանաք՝ ճիշտ է ասել»:
Նկատի ունեք նպատակը երկիրը կազմաքանդելն ու հողեր հանձնե՞լն էր՝ Հակոբյանը դրական պատասխան տվեց․ «Իմ կարծիքով՝ այո»։
Մովսես Հակոբյանն անիմաստ է համարում հակադարձել նրա հայտարարություններին․ «Լուրջ մարդ չի, ես անլուրջ մարդկանց ասածները չեմ մեկնաբանում։ Ո՞ւմ համար հակադարձեմ, իմ խոսքը ում համար կարևոր է իրենք գիտեն՝ ինչ եմ մտածում ես»,- նշեց Հակոբյանը։
Մեր այն դիտարկմանը, թե ամեն դեպքում լուրջ կառույցի՝ ԵԿՄ-ի ղեկավարն է՝ ասաց․ «Ինձ համար լուրջ չէ»,- նշեց նա։
Հակոբյանը շարունակում է մնալ կարծիքին, որ Սասուն Միքայելյանը բանակից ոչինչ չի հասկանում, մարդը զբաղված է ոչ իր գործով․ «Մարդը, որն ամեն ինչով զբաղվում է, նա ոչնչից գաղափար չունի։ Խոսելով չեն պայքարում, այլ մասնագիտական ունակություններով։ Իմ կարծիքը մի կարևորեք, այլ ժողովրդի կարծիքը, իսկ ժողովուրդն իր կարծիքը կասի ընտրությունների ժամանակ»,- եզրափակեց Մովսես Հակոբյանը։
Սոնա Հարությունյան