168.am. Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի այն կարծիքը, որ 2013թ. նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած իրական ձայները տատանվում են՝ 5-6 տոկոսի սահմաններում, նորություն չէ: Սակայն ուշագրավ է Լևոն Անանյանի մոտեցումը և հիմնավորումը, թե ինչո՞ւ ընդդիմությունն այդքան ստացավ: Լ. Անանյանը վստահեցնում է, որ իր հետ զրուցած շատ մտավորականներ՝ գրողներ, գիտնականներ, ովքեր ձայն են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, ասել են, թե քվեարկում են ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, ոչ էլ դեմ՝ Սերժ Սարգսյանին: «Մենք գիտենք և ուզում ենք, որ Սերժ Սարգսյանն ընտրվի, բայց ուզում ենք, որ ընտրվելուց հետո զգոն լինի»,- մտավորականների տեսակետը 168.am-ի հետ զրույցում այսպես փոխանցեց Լևոն Անանյանը: Ինչ վերաբերում է իրեն, ապա Լ. Անանյանի խոսքով՝ ինքն ընտրություն կատարել է շատ ավելի հասկանալի սկզբունքով՝ ընտրել է Սերժ Սարգսյանին՝ հավանություն տալով նրա վարած արտաքին և ներքին քաղաքականությանը: «Վստահ էի , որ շատ բան պետք է փոխվի: Ես չեմ ուզում զրոյից սկսել, ես ուզում եմ եղածի վրա ավելացնել»,- նշեց Լևոն Անանյանը: Իր ընտրությունը Լևոն Անանյանը պայմանավորում է այսպես. կուսակցական չէ, բայց ազգի մասին է մտածում. «Ես այն մարդկանցից եմ, ովքեր ատում են հեղափոխությունները, քանի որ, ինչպես ասում են՝ հեղափոխությունն անում են ազգի ռոմանտիկները, նվիրյալները, պտուղները վայելում են սրիկաները»,- ասում է Լևոն Անանյանը: Գրողների միության նախագահն ատում է նաև ընտրությունները, քանի որ, բացառությամբ 1991թ. մնացած բոլոր ընտրություններից հետո, ըստ Լևոն Անանյանի, ժողովրդի միասնության մեջ սեպ է խրվել: Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին էլ Լևոն Անանյանը հարգում է, համարում է մտավորականության ներկայացուցիչ, սակայն կարծում է, որ նա հետընտրական մարտավարությունն այլ հունով պետք է տաներ: «Րաֆֆի Հովհաննիսյանի 5 տոկոսը հավելվեց, և իր խնդիրն էր իր քաղաքական կապիտալի չփոշիացնելը: Րաֆֆին շատ արժանավոր կերպով կարող էր 4-5 տարի հետո թիմ ունենալ, որն արդեն անպարտելի կլիներ»,- նշեց Գրողների միության նախագահը:
Անահիտ Փիլոսյան